16 05 2019

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ, ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան



Մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի Հանրապետության ներկա և պաշտոնաթող նախագահների երաշխավորությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց իր ելույթը:

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք»,- ասաց Քոչարյանը:

«Հայտարարություն կարելի՞ է անել»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Արա, արա»,-արձագանքեց երկրորդ նախագահը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ պետք է հայտարարությունների մեջ կոռեկտ լինել:

Քոչարյանը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ ասում են, թե կարող է փախնել.

«Ինձ համար դա վիրավորական է: Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի: Որևէ մեկը, թշնամին իմ մեջքը չի տեսել: Սա արժանապատվության հարց է, ես փախնող չեմ: Ես համարում եմ, որ ինձ խստագույնը վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունը, ազդեցությունը դիտում է որպես բացասական երևույթ:

«Այս քրեական գործը նման է մի իրավիճակի. ուղտին հարցրել են, ասել են՝ ինչի՞ ա ծուռ, ասել ա՝ իսկ իմ ի՞նչն ա ուղիղ»,- ասաց նա՝ նշելով, որ կյանքում ոչ մի բանի չհասած պետք է լինես, որ ազատության մեջ լինե՞ս:

Նա նշեց, որ Երևանի տարածքը 2 տոկոս է կազմում Հայաստանի ամբողջ տարածքից: Արտակարգ դրությունը հայտարարվել է 1 բնակավայրում, ՀՀ տարածքի 2 տոկոսում:

«Նշվում է՝ մամուլի ազատության մասին և այլն, և այլն, և այլն: ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, մնացածն առանց խափանման աշխատել են: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել: Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները գործել են 1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում, ՀՀ տարածքի 2 տոկոսում: 2008թ.-ին ՀՀ-ում կար 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը: Որևէ այլ քաղաքում սահմանափակումներ հանրահավաք անելու, հանդիպելու չեն եղել: Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի 1/3-րդն էր այդ տարիների հրամանագիրը: Ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս»:

Խոսելով կալանավորման հիմքերի մասին՝ Քոչարյանն ասաց.

«Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երևի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկը չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ որ ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:

Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատար դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: Կան դրական ցուցմունքներ, կա ինձ հետ շփվող մարդկանց ընդհամենը 3 ցուցմունք: 872 վկայից կա 3 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում բարև բարի լույս է ասել: Աբսուրդի մի թատոն է սա»:

Տեսանյութը՝ շուտով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ