ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակում է հատվածներ մեջբերել «Մարտի 1»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող վկաների ցուցմունքներից։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը ներկայացնելուց հետո պաշտպանն ասաց, որ Արշակ Կարապետյանի ասածները հերքվում են այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի տված ցուցմունքներով։ Ալումյանը, առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից.
«Ինքս նման հանգամանքներ չեմ հիշում, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։ Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,–մեջբերեց Ալումյանը։
Այսինքն, ըստ պաշտպանի՝ փետրվարի 23–ի խորհրդակցության նպատակն է եղել զգուշացնել, որ սպաները չներգրավվեն ներքաղաքական պրոցեսների մեջ։
Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել.
«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։
Դատավորը լսելով Ալումյանին, նորից հորդորեց նրան՝ ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ցուցմունքները՝ նշելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են:
«Եթե դուք իրոք ծանոթ լինեիք վկաների ցուցմունքներին, կիմանայիք, որ ամբողջական ցուցմունքը չեմ հրապարակում, այլ պարզապես մեջբերում եմ անում»,- ասաց Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ նյութերը ժամանակին և քննչական մարմինը և դատախազությունը չեն ներկայացրել և որ իրենք ստիպված են այդ բացը լրացնել։
«Ուղղակի սա է պատճառը, և եթե դուք կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա պարզ կասեինք, որ սա 20-30 էջից բաղկացած ցուցմունքն է»,- ասաց Քոչարյանը նշելով, որ եթե դատախազությունը ժամանակին ներկայացրած լիներ այս ամենը, այսօր այս իրավիճակը չէր ստեղծվի։
Ըստ փաստաբանի, Սերժ Սարգսյանի այս ցուցմունքը հաստատում է խափանման միջոցի վերաբերյալ նախորդ դատական նիստերում իրենց հնչեցրած պնդումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը