08 05 2019

Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Արցախի Հանրապետության գործող ու նախկին նախագահների դիմումին Հայաստանի գլխավոր դատախազության արձագանքը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը սխալ չի գնահատում։

Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ըստ էության նախաքննությունն ավարտվում է, երբ դատախազությունը մեղադրական եզրակացությունն ուղարկում է դատարան։

«Սխալ չեմ գնահատի։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ թեպետ հարցին տրված է սպառիչ պատասխան, բայց նաև խուսափողական։ Դատախազը կարող էր դիրքորոշում հայտնել, քանի որ դիմողները սովորական մարդիկ չէին»,-ասաց Խուդոյանը։

Նա նկատեց, որ առաջիկայում դատական նիստերի ընթացքում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում կարող է հայտնել, հնարավոր է նաև ձեռնպահ մնա։Երեկ քննարկվում էր, որ  դատախազության արձագանքը հարցից խուսափելու փորձ է, քանի որ Ռ. Քոչարյանին առնչվող քրեական գործը դեռևս դատավորի կողմից չի ընդունվել վարույթ:Խուդոյանն ասաց, երեկ իրեն բանավոր հայտնել են, որ գործը  վարույթ է ընդունվել։

«Ինչքանով ինձ հայտնի է, երեկ դատավորը քրեական գործը վարույթ է ընդունել, պետք է տարբերակենք ինքնաբացարկի ու վարույթ ընդունելու փաստերը»,- մանրամասնեց փաստաբանը։ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը դեռ չի ստացել դատավարի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը, դրան ծանոթացել է «Դատալեքս»-ից։ Իրենց քայլերի վերաբերյալ քննարկումները դեռ չեն ավարտել։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունից արձագանքել էին, որ քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ