ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտանյաների գործը քննող դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանն իրավունք չուներ առանց մեղադրյալների խափանման միջոցների հարցը լուծելու ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Իսկ խափանման միջոցի հարցն ըստ պաշտպանի՝ դատավորը չէր կարող լուծել առանց կողմերի մասնակցության, ինչն ամրագրված է ՍԴ որոշմամբ։
Նշենք, որ նախքան ինքնաբացարկի որոշում կայացնելը, Հայկ Ալումյանն այսօր առավոտյան դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայտնելով, որ ինքնաբացարկ հայտնելու դեպքում պաշտպանական կողմը ցանկանում է մասնակցել որոշման քննարկմանը, ինչը փաստորեն դատարանն անտեսել է։
Նշենք, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 300–րդ հոդվածի՝ դատարանը որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում։
Ավելի վաղ դատական դեպարտամենտից NEWS.am–ին հայտնել էին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։
Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին և ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Մեր տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին և Մհեր Սարգսյանին։
Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ և այլն։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, վերաբերյալ քրեական գործը Վարդան Գրիգորյանին էր մակագրվել ապրիլի 29–ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը