27 04 2019

Չնախատեսված խուզարկություններ՝ կալանավայրերում

Չնախատեսված խուզարկություններ՝ կալանավայրերում

Ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում եւ խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձեւավորված օպերատիվ խմբերն իրականացրել են  չնախատեսված խուզարկություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լար, լիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառ, ինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10  բաժանորդային քարտ եւ պարաններով ամրացված 12 պարկ, որի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ:

Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաեւ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում, հարակից տարածքներում, զբոսահրապարակում եւ կոմունալ-կենցաղային տարածքներում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ եւ խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղ, մետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոց, ձեւափոխված 1 Smart ժամացույց:

Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ