19 04 2019

Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին

Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Այս մասին հայտնում են Արմեն Գեւորգյանի պաշտպանները։

«Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները:Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գեւորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համար։ Պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ առնվել:

Ուսումնասիրելով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ