13 04 2019

Զարթոնքի կրակոցների գործով 2 անձ ձերբակալվել է

Զարթոնքի կրակոցների գործով 2 անձ ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դեպքի առնչությամբ Facebook-ի իր էջում գրում է.

«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:

Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ