11 04 2019

Դատարանը վերադարձրեց Հայկ Սարգսյանի անձնագիրը

Դատարանը վերադարձրեց Հայկ Սարգսյանի անձնագիրը

ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանի գործով դատական հերթական նիստին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը և վերացնել սահմանահատումների վրա դրված արգելանքը: Մեղադրող  դատախազ Աբգար Առաքելյանը ներկայացրեց առարկություն՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Բացի այդ, ըստ նրա, քննությունից հետագա փուլերում  խուսափելու վտանգը անձնագրի վերադարձնելու պարագայում էական է դառնում:

Հայկ Սարգսյանի պաշտպանը հակադարձեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ անդրադարձել է անձնագրի մասին օրենքին, և սևով սպիտակի վրա գրված է՝ բոլոր այն դեպքերում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառված չէ ստորագրություն կամ կալանք, անձնագիրը վերցնելն իրավաչափ չէ:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հայտնելով, որ Հայկ Սարգսյանի կողմից գործի քննությանը չխոչընդոտելու համար երաշխիք կհանդիսանա նրա կողմից նախկինում վճարված գրավը, իսկ եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ