Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի թվով 9 բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով վերահսկել տարածքը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ՓԲԸ-ին պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք:
Այնուհետև նախօրոք ընտրված՝ թվով 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործությանը մասնակիցներից մեկի տան բակ, որից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով, ընդհանուր առմամբ, առանձնապես խոշոր չափերի` 21.5 մլրդ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՓԲԸ-ից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը