ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարին, նշեց, որ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է, և կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ ու ուղեցույցներ առցանց անանուն մնալու մշակույթի մասին։
«Այս հարցն անմիջականորեն գտնվում է մեր ուշադրության ներքո: Ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հիմնականում տարածում են ֆեյք օգտատերերը: Երբ մեզ դիմում են, մենք դրանք ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն` քրեական հետապնդում նախաձեռնելու առաջարկով: Բայց դա էլ արդյունավետ չի աշխատում, քանի որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնաբերելու մեխանիզմներն էլ արդյունք չեն տալիս»,- նշեց նա:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ ՄԻՊ-ն ասաց, որ ԱԱԾ-ի պես փակ կառույցը նման հարցում լայնորեն ներգրավելը կարող է նաև խնդիրներ հարուցել խոսքի ազատության ոլորտում:
«Յուրաքանչյուր մարմին պետք է զբաղվի ըստ իրավասության: Նշեցի, որ մենք աշխատում ենք ոստիկանության հետ, դատախազության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքի ազատությունը պետք է ամուր պաշտպանված լինի, և մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգային իրավունք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը