ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը:
Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին:
Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենային վնասվածք ստացած անձն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը