04 04 2019

Փաստաբանները միջնորդել են, որ դատախազների վերաքննիչ բողոքը չքննվի



Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ այս գործը քննող դատավոր Ռուզան Բարսեղյանը ժամանակին Քոչարյանի կողմից պարգևատրվել է, և արդյո՞ք հնարավոր է՝ այդ հանգամանքը դառնա դատավորի ինքնաբացարկի հիմք, նշեց. «Լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը նման բան չհիշեց, բայց գիտեմ, որ նա Ամերիկայի դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եթե այս ամենն իրար գումարենք՝ կստացվի, որ երևի լավ դատավոր է, որ նրան պարգևներ են տվել, ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսնում»։

Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատախազների ներկայացրած բողոքը թողնվի առանց քննության, քանի որ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի պատճառաբանական մասը վիճարկել։

Լրագրողները փաստաբանին խնդրեցին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանից ճշտի, թե ինչ կարծիք ունի Վահան Շիրխանյանի նամակի մասին։ Ալումյանն ասաց, որ թեմայի հետ կապված ոչինչ չի ճշտի։

Հարցին՝ որևէ պաշտոնյա, բացի ընտանիքի անդամներից, փորձե՞լ է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանն ասել է՝ Մարդու իրավունքների պաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ