03 04 2019

Նախագահ Քոչարյանի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական. Իրավաբան. «Փաստ»

Նախագահ Քոչարյանի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական. Իրավաբան. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված տեսակետներն ու գնահատականները բավականին իրարամերժ են, այդ թվում՝ իրավական հարթության մեջ: «Փաստ»-ը սկսում է փորձագետների հետ զրույցների շարք, որոնք կներկայացնեն իրենց տեսակետները թե՛ այս, թե՛ հասարակական հնչեղություն ներկայացնող այլ հարցերի վերաբերալ: Այս անգամ զրուցել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:

Նախ վերջինիցս հետաքրքվել են, թե որքանով էր իրավաչափ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը:

«Պատասխանը միանշանակ է՝ միանգամայն իրավաչափ է: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն։ 2008 թվականի մարտի 1-ին Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս անմիջապես հաշվի է առել Սահմանադրության մեջ նշված հիմքերը։ Հրամանագրի նպատակն էր կանխել երկրում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»,- ասել  է Ս.Գրիգորյանն ու հավելել, որ արտակարգ դրությունը ոչ թե ստեղծվել է նախագահի հրամանագրից հետո, այլ իրավաբանորեն ամրագրել է առկա դրությունը Երևանում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետական ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։

«2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի նպատակն էր գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին։ Ունենալով սահմանադրական վերահսկողության ֆունկցիա՝ Ազգային ժողովը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ։ Ավելին, Նախագահի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական»,- գնահատել է իրավաբանը։ Իսկ արդյո՞ք հրամանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Միջազգային իրավունքի առումով ևս ավելի քան հստակ է` սահմանադրական կարգին, հասարակության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, իշխանությունները կարող են հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցաումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ Միջազգային պրակտիկան սահմանում է, որ հասարակության անվտանգությունը ապահովելը նախևառաջ տվյալ պետության պատասխանատվությունն է, այսինքն` հանրային մարմինները ունեն գործունեության ազատություն, որը սահմանափակված է, օրինակ` եվրոպական հանրության վերահսկողությամբ»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ այդմ, 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած արտակարգ դրությունը թե՛ ընթացակարգային և թե՛  իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,- ասել է Սարգիս Գրիգորյանը։

Այդուամենայնիվ, իրավիճակին հստակ գնահատական տալու անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավական առումով:

«Իրավական անկողմնակալ գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես` ցուցարարների ոչ խաղաղ լինելու փաստը»,- ասել է իրավաբանը: -Սահմանադրությունը հստակ լիազորել էր Նախագահին իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Կարծում եմ՝ այդ միջոցառումները համապատասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին` իրավաչափությանը, անհրաժեշտությանը և համաչափությանը, օրինակ` ՄԱԿ-ի՝ ուժի և հրազենի կիրառման հիմնարար սկզբունքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ