Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաեւ «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված է քրեական գործի քննության, ինչպես նաեւ որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջով: Նշվածի կապակցությամբ կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրել է նաեւ գրավոր բողոք:
Ուսումնասիրվել են նաեւ հացադուլ հայտարարած անձի բժշկական փաստաթղթերը, իսկ առողջական վիճակի հարցերը քննարկվել են բուժանձնակազմի հետ։
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելուն, Համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման պայմաններին, պահման պայմաններին, ինչպես նաեւ կալանքը կրելու համար այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:
Հարցերից շատերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված մյուս հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ իրավասու մարմիններին ուղղված գրավոր հաղորդակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը