Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն ունեցել է իր ներդրումն ու կարողացել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով հանդես գալով հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Այսօր վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, կան որոշ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց դիրքը, փորձում են օգտվել «բարիքներից», բայց հավաստիացնում եմ՝ ցանկացած նման դեպք՝ անկախ, թե ում կողմից կարվի, կարժանանա խիստ գնահատական»,-ասաց նա:
Ըստ նրա՝ նախորդ տարվա մայիսից մինչ օրս ստացել են 4841 դիմում, որը 4 անգամից ավելի է նախորդ տարվա համեմատ:
Վանեցյանի խոսքով՝ հիմնական ուղղություններից բացի առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին, ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային ստորաբաժանում: Ըստ այդմ էլ, ըստ Վանեցյանի՝ 2018թ-ի մայիսից կոռուպցիոն բնույթի դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է 40 քրեական գործ, որից 26-ը ուղարկվել է քննչական ենթակայության, 13-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
«Իսկ մենք 6-7 ամիսների ընթացքում վերականգնել ենք 22 մլրդ 100 մլն դրամ, և վերականգնման ենթակա է ևս 10 մլրդ դրամ, որը ժամանակի հետ կապված խնդիր է»,-ասաց նա:
Նիստից հետո ԱԱԾ տնօրենը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը բենզինի բիզնեսում խոշոր դիրք ունի, նա նշեց.
«Պարզապես օգտագործում են իմ անունը, որ իրենց դիտումները շատ լինեն, սա ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելուն: Նա վստահեցնում է՝ ամեն բան եղել է իրենց գիտությամբ։ Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված, և գործը քննող քննիչի որոշմամբ՝ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը։
Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են, ասաց.
«Մենք այդ առումով, բայց ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, այլ ընդհանրապես իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն կամ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձիք բացահայտվեն»:
Ինչ վերաբերում է վարչապետի՝ իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված դժգոհությանը՝ կոռուպցիայի բացահայտման մասով, ԱԱԾ տնօրենն ասաց, թե ինքն էլ դժգոհ է իրավապահ մարմիններից, հատկապես ԱԱԾ աշխատանքից։
«Այն աշխատանքները, որ իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, տեսնում եք, որ տեմպի որոշակի նվազում կա։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարված որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել կամ բողոքարկել՝ ասելով, որ մենք գործել ենք քմահաճույքով։ Մենք գործում ենք միայն օրենքով, փորձում ենք անել ամեն բան, որ պահվեն օրենքի բոլոր պահանջները։ Անում ենք ամեն ինչ, կարծում եմ, որ կլինեն մեծ ու հնչեղ բացահայտումներ»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը