16 03 2019

ՀՔԾ հաղորդագրությունը ճնշում է մամուլի, ազատ խոսքի նկատմամբ․ «Ժողովուրդ»

ՀՔԾ հաղորդագրությունը ճնշում է մամուլի, ազատ խոսքի նկատմամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել՝  օրաթերթի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է․ «Արդեն 2 օր է, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրություններ է հրապարակում՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը: Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած է, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների  (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է:

Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

«Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Եւ ցանկացած սկսնակ իրավաբան հասկանում է, որ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախը ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, ով կամ ովքեր փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին, այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Ի դեպ, այդ հարապարակումը նրանք կարող էին անել այլ եղանակով՝ ընդհուպ թռուցիկներով կամ համացանցում տարածելով: Եւ այս դեպքում առնվազն տարակուսելի է ՀՔԾ-ի ուղղորդվածությունը հենց «Ժողովուրդ» օրաթերթի անունը հրապարակայնեցնելու մասով: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը:

«1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:

Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ:

Հետեւաբար՝ ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ մասին օրենքը: Ինչ է արել «Ժողովուրդ» օրաթերթը. սո՞ւտ է հրապարակել, Ո՛Չ, զրպարտե՞լ է, Ո՛Չ, արատավորե՞լ է որեւէ մեկի բարի համբավը, Ո՛Չ: Ընդամենը հրապարակել է Մարտի 1-ի գերաղմկահարույց գործով ցուցմունքներ այն ժամանակահատվածում, երբ նախաքննության մարմինը՝ ՀՔԾ-ն, գործի նախքննությունն ավարտել է (http://www.ccc.am/hy/1428493746/3/5979) եւ այն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու:

Եւ այս դեպքում, եթե առարկություն լինի, դա կարող է ունենալ միայն այն անձը, որի ցուցմունքները հրապարակվել են: Բայց, այստեղ էլ ՀՔԾ-ին պետք է հիասթափեցնենք, որ նույնիսկ նրանք չեն կարող որեւէ բան առարկել, քանի որ հանրային գործիչներ են, նախկին առանցքային պաշտոնյաներ եւ «Ժողովուրդ» օրաթերթն էլ սպասարկում է հանրային շահ՝ կարեւորագույն  քրգործի մանրամասները հանրությանը հայտնելով:

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներով դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ եթե քրգործի հարուցման նկարագրական մասում նշվում է ֆիզիկական անձի (այդտեղ տեղավորվում է նաեւ իրավաբանական անձ ձեւակերպումը) գործողությունները, դրանով արդեն իսկ խախտվում է անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը: Այնպես որ՝ այժմ քննարկում ենք, թե երբ ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկենք դատարանում, քանի որ տարածված երկու հաղորդագրություններով  խախտվել է անմեղության կանխավարկածը եւ արատավորվել օրաթերթի բարի համբավը: Հ

իմա դառնանք նախաքննական «գաղտնիք» կամ «տվյալ» ասվածին ընդհանրապես՝ արձանագրելով, որ հայաստանյան օրենսդրության որեւէ դրույթ չկա, որը սահմանում է, թե որն է նախաքննական գաղտնիքը կամ տվյալը: Եւ քանի որ չկա, հետեւաբար չենք կարող նաեւ պնդել, թե լղոզված իրավական այս հորձանուտում ինչն է թուլատրելի հրապարակել, ինչը՝ ոչ:

Եւ ՀՔԾ հայտարարությունը, որտեղ գրեթե սպառնալիք կա, թե քրեական օրենսգրքի  342 հոդվածով նախատեսված՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետո», ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ:

Հիշեցնենք նաեւ, որ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննարական մարմինները կամայական չպետ է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը: Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 11-ին գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:

Հ.Գ. ՀՔԾ-ն մեր մասին հաղորդում տարածելով ներքեւում քոփի է արել՝ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ով է մեղադրյալը կամ կասկածյալը. Գուցե արդեն ՀՔԾ-ն մեր համար նախատեսել է մեղադրյալի կամ կասկածյալի  կարգավիճա՞կ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ