14 03 2019

Սասուն Խաչատրյանն ահավոր սուտասան մարդ է. Ռուբեն Սահակյան



Իսկ ով ասաց, որ բանակը մասնակցել է քաղաքական զարգացումներին. քննչական մարմի՞նն ասաց, Սասուն Խաչատրյա՞նն ասաց, կամ քննչական մարմնի ղեկավա՞րն ասաց. ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է: Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

Նա նշեց, որ 0038 հրամանը իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, ամեն ինչ նորմալ է: Դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ զինվորներին վարձկաններ էին սարքել և որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները պահպանեն, Ռուբեն Սահակյանն ասաց.

«Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է գործի փաստերը: Մարդիկ կտրվել են իրենց տներից, եկել են Երեւան գրպաններում ոչինչ չունեն, անգամ մածուկ գնելու փող չունեն: Մարդիկ բացատրում են, որ ստացել ենք գումար, օգտագործել ենք մեր կարիքների համար: Ինչու ոչ, նաև ուղարկել են տուն»:

Նա նաև հավելեց, որ այդ գումարը նրանք միայն այդ ամիս են ստացել:

Ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանի մյուս մտքին, որ սահմանին այնպիսի իրավիճակ էր, որ մեկ զինվորը առանց հերթափոխի հսկում էր առաջնագիծը, մինչդեռ որոշ զինվորներ Երևանում հսկում էին օլիգարխների տները, փաստաբանը նշեց.

«Իրեն մի հավատացեք, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է: Ես քրեական գործն եմ կարդում, նման բան չկա: Խոսել եմ այլ փաստաբանների հետ, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ասում են, որ ահավոր դժվար է գործի նյութերին ծանոթանալը, որովհետեւ հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործի հետ: Չեմ կարող օրինակներ բերել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ