19 02 2019

Այդ կառույցը Քոչարյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել. պաշտպան. News.am

Այդ կառույցը Քոչարյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել. պաշտպան. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի ընդունում իրեն առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին ասել է Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նշել է, որ քրեական գործի հարուցումից հետո նախաքննական մարմինը փորձել է հարցաքննել իր պաշտպանյալին, սակայն վերջինս օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։

«Բոլորի համար պարզ է, որ մենք այդ կառույցին չենք վստահում բոլոր այն գործերով, որոնք վերաբերվում են պարոն Քոչարյանին կամ նրա ընտանիքին, այդ կառույցը նրանց նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել»,–ասաց նա։

Պաշտպանի կարծիքով՝ իրավապահները սխալ են մեկնաբանում ստացված եկամուտներն օրինականացնելու հանցակազմի իմաստը.

«Ցանկացած դեպքում, երբ հայտնաբերում են ենթադրյալ հարկային իրավախախտում, հետո երբ տեսնում են, որ չվճարված հարկերի գումարով անձը որևէ բան է ձեռք բերել, համարում են, որ գործ ունեն փողերի լվացման հետ, դա շատ սխալ պատկերացում է այս հանցակազմի վերաբերյալ»,–ասաց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որին հակասում է փողերի լվացման մասով Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

Նա նշել է, որ պաշտպանական կողմը չի ընդունում նաև առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու մեղադրանքը։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Ալումյանի խոսքով՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ անգամ այս խափանման միջոցն ընտրելու անհրաժեշտություն չկար, քանի որ ըստ նրա՝ որևէ վտանգ չկա, որ Քոչարյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ