19 02 2019

Նախկին մի շարք պաշտոնյաներ կեղծ աճուրդներով տարածքներ են օտարել. Ոստիկանություն

Նախկին մի շարք պաշտոնյաներ կեղծ աճուրդներով տարածքներ են օտարել. Ոստիկանություն

Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014թ. հուլիսին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահն իր տեղակալի, ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման և ՀՀ ԱԳԿԿ Մեղրիի սպասարկման գրասենյակի ղեկավարների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք, որտեղ նույն համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ նույն թվականին պաշտոնավարող ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կազմված նախագծի հիման վրա նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի և իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս, իր և ՀՀ վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա կազմակերպի նշված տարածքները «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը:

Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, արդեն իսկ տեղեկացված լինելով նշված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 12.07.2016թ. կրկին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով իր աներորդուն՝ 2.000.000 ՀՀ դրամով օտարել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող 1,378 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ