01 02 2019

Սահմանադրական կարգի տապալումն աբսուրդ մեղադրանք է․ Աղվան Վարդանյան



«Վտանգ եմ զգում, որ վարչապտի քաղաքաանությունը շատ ավելի միտում ունի կարծես թե հենվելու ուժային կառույցների վրա՝ իշխանությունը պահելու համար»,- 24news-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, Արցախի հիմնախնդրին և բանակցությունների ներկա ձևաչափին, մարտի 1-ի բացահայտման շուրջ իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, պարգևատրումներին։

«Չգիտեմ վարչապետն ինչ նոր քաղաքականություն է իրականացնում Ղարաբաղի հարցում․ սա պետք է բացահայտվի»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ տարակուսանք հայտնելով, որ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իբև թե ոչնչի շուրջ 1․5 ժամ զրուցել են։

Անդրադառնալով մարտի 1-ի թեմային, Աղվան Վարդանյանն ասել է․ «Վարչապետը շատ վաղուց չի ասել, որ ամբողջովին բացահայտված է։ Ամենավերջին բանը, որ ասել է վարչապետը՝ «Մարտի 1-ը ինձ համար սկզբունքային հարց չէ, սկզբունքային է Հայաստանի համար»։ Ես ասում եմ՝ Հայաստանի համար մարտի 1-ը սկզբուքային հարց չէ, սկզբունքային է կոնկրետ սպանությունների բացահայտումը և հարազատներին ինչ-որ կերպ մխիթարություն գտնելը»։

Աղվան Վարդանյանի խոսքով, բոլորին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոարյանն այն անձը չէ, որ խուսափի քննությունից։ «Մենք ունենք երեք գեներալ-գնդապետ, որոնց բոլորին առաջադրված է մեղադրանք։ Սա ուղղակի քաղաքական մոտեցում է և բացահայտվելու է»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սահմանադրական կարգի տապալումը, ըստ նրա, աբսուրդ մեղադրանք է։ «Մարդը, որ ընդամենը մեկ ամիս հետո ժամկետը լրանում է, իշխանությունն իրեն է պատկանում, ինքն իր դեմ չէր կարող սահմանադրական կարգը տապալել։ Սահմանադրական կարգը խախտելու փորձը կատարել է հակառակ կողմը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներն ու ՊՆ երկու փոխնախարարներին հրապարակ կանչելը։

«Մեղադրանքը քաղաքական վրեժխնդրություն, ինքնահաստատման ձգտում, քաղաքական գործընթացներում կանխարգելելու միտում ունի»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ