Ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանք, ազատվելով զբաղեցրած պաշտոնից, գրանցվել են կադրերի ռեզերվում։
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։
Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը