23 01 2019

ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացվել ՔԿՀ-ներ

ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացվել ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է քրեական գործերի ոչ օբյեկտիվ քննությանը: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

Մի շարք դատապարտյալներ նշել են, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով կազմված զեկույցներով տրվում են բացասական եզրակացություններ, ինչի արդյունքում իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հարցի քննարկման նպատակով դատարան միջնորդություն չեն ներկայացվում։

Դատապարտյալների բողոքների մի մասը վերաբերել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը:

 Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց հետ, ուսումնասիրել նրանց տրամադրվող բուժօգնության, և հացադուլով պայմանավորված իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը:

 Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ: Ձեռք է բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու պայմանավորվածություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ