Արարատի մարզում հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը եւ 47-ամյա Վահան Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ կրակոցի հետեւանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մարզի ոստիկանությունը շատ լավ գիտի, թե ով է կրակողը, ինչի է կրակել, բազամթիվ անգամ իրենք տեղյակ են, որ էդ անձնավորությունը միշտ սպառնացել ու ահաբեկել է մարդկանց: Սպասում են՝ մարդ մեռնի, նոր քնից զարթնեն, եթե լավ աշխատեին, բանը սրան չէր հասնի:
Հիմնական մեղավորը մարզի ոստիկանությունն է, ովքեր միայն տեղում դոփում են: Էսօր եկել են՝ հերթական շոուն կանեն ու կջանդամվեն կեթան, բայց խնդիրը չի լուծվի: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ժողովների ժամանակ ասում է, թե բոլոր մարզերում ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին: Մենք մեր մարզում մեր մաշկի վրա ենք զգում, որ Վ. Օսիպյանի խոսքը գոնե մեր մարզի պահով իրականությանը չի համապատասխանում:
Մենք համոզված ենք՝ մարզում ոստիկանություն չկա, եթե ոստիկանություն լիներ, էսօրվա էս կրակոցները չէր լինի, էլ չենք ասում, որ մեռան տներ ու խանութներ թալանելով, ոչ մի բացահայտում չկա: Էնպես, որ ոստիկանության ղեկավար կազմը թող խոսքից անցնի իրական գործի ու մեր մարզում վերացնեն կրիմինալը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը