14 01 2019

Թքելով փաստաբանի մեքենայի վրա՝ թքել են ՀՀ իշխանության վրա․ Լևոն Բաղդասարյան

Թքելով փաստաբանի մեքենայի վրա՝ թքել են ՀՀ իշխանության վրա․ Լևոն Բաղդասարյան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եթե դատարանում ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղքը, ապա ինքը չի միջնորդի դատարանին՝ հաշվի առնելու մեղմացնող հանգամանքները կամ Արցախի հերոս լինելու հանգամանքը։

Փաստաբանը նշեց, որ որոշել էր այս գործով չխոսել, բայց այժմ հանդիպում է լրագրողների հետ, քանի որ օրեր առաջ մի խումբ անձինք խոչընդոտել են իր գործընկերոջ՝ Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև ոստիկանների ներկայությամբ թքել նրա մեքենայի վրա: «Թքելով իմ գործընկերոջ մեքենայի վրա՝ վերջինները թքել են իշխանության, պետության, պետականության վրա, հատկապես՝ ոստիկանների ներկայության պայմաններում: Եվ ես սա լուրջ խնդիր եմ համարում, պետականության հետ կապված խնդիր եմ տեսնում: Իրավունքն իրավաչափ շահերի հավասարակշռությունն է: Անձին դեռ չդատապարտած՝ պահանջում են բանտ ուղարկել, արդյոք սա՞ է նոր Հայաստանի որդեգրած քաղաքականությունը»,- նշեց փաստաբանը: 

Նա նաև ասաց՝ անթույլատրելի է դատարանի վրա հրապարակային ճնշում գործադրելը: Նրա խոսքով՝ սա հիշեցնում է նախաքրիստոնեական դարաշրջանի ժամանակները:

«Դատական համակարգը հատուկ վերաբերմունքի կարիք ունի: Ի՞նչ է նշանակում այն, որ բողոքողները ակցիա են անցկացնում՝ դատարանից պահանջելով Մանվել Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում կայացնել: Նման պայմաններում անհնար է խոսել անկախ դատական համակարգի մասին», - ասաց նա:

Լևոն Բաղդասարյանն ընդգծեց, որ ավելի մեծ վրդովմունք  է առաջացնում այն, որ գլխավոր դատախազը դուրս է գալիս բողոքի մասնակցիների մոտ եւ ասում, որ որոշման բողոքարկման համար պատրաստվում է դիմել դատարան՝ փոխանակ կոչ անելու հարգել դատարանը:

«Կարծում եմ, որ մենք արժանի ենք արժանավոր իրավապահ համակարգ ունենալ, որն առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով եւ  օրենքներով», - հավելեց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերի մասին հարցին՝ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դրանք չկան:

«Ոչ մի հիմք չկա կարծելու, որ Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ կարող է խոչընդոտել իրավապահ մարմինների և դատարանի աշխատանքին», - ասաց նա:

Նրա համոզմամբ՝ պետք է անձին պաշտպանվելու հնարավորություն տրվի. «Եթե դատարանը, այլ ոչ թե փողոցում կանգնած տասը-քսան մարդիկ կորոշեն, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված այդ արարքը, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինքս այդ ժամանակ, պաշտոնապես հայտարարում եմ, որպես պաշտպան՝ չեմ միջնորդելու դատարանին, որպեսզի հաշվի առնվեն մեղմացնող հանգամանքները կամ Արցախի հերոս լինելու հանգամանքը»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ