ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ NEWS.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։
Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:
Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:
Եվ այսպես՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը տարիներ առաջ քննել է Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված գործը: Սկզբում սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանին, և այդ մեղադրանքով էլ քրեական գործն ուղարկվել էր դատարան, սակայն դատաքննության ավարտին պարզվեց, որ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու արարքը վերաորակվեց, իսկ սպանություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտվեց Վռամ Բաղդասարյանը։
Մի գործով դատաքննության ընթացքում քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությունը դատարանի կողմից անտեսելու պատճառով: 2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում:
Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը: Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, քանի որ չէր ցանկանում ազատազրկվել: Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական:
2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում: Նույն դատավորը նաև մեղադրական դատավճիռ է կայացրել «Armenian Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ, որը մասնակցել էր Կոմիտասի պողոտայում ապօրինի կառուցապատման դեմ բողոքի ակցիաներին:
Արթուր Մկտչյանին էր մակագրված նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի գործը։ Մկրտչյանն Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում էր կայացրել։ Արթուր Սարգսյանը հայտարարություն էր տարածել էր՝ հացադուլից հետո իր առողջական վիճակի վատթարացման դեպքում Էդիկ Հակոբյանին և Արթուր Մկրտչյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ, քանի որ նրանք իրենց գործունեությամբ են դրդել Արթուր Սարգսյանին հացադուլ հայտարարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը