ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Հինգերորդ ալիքի» եթերում անդրադարձել է մարտի մեկի գործին, դատական համակարգի կաշկանդված լինելուն, ՄԻԵԴ ուղարկած երկու բողոքներին, ֆեյսբուքում տարածվող հարձակումներին, Արշակ Կարապետյանի տված ցուցմունքին և գործի այլ մանրամասների։
Առաջարկում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ, ինչպես նաև հրապարակում ենք զրույցի սղագրությունը։
Ռոբերտ Քոչարյանի գործի մասին ենք այսօր խոսելու։ Բարի՛ երեկո, մենք ուղիղ եթերում ենք և իմ հյուրը Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն է։ Բա՛րև Ձեզ, պարոն Ալումյան։
Բարև ձեզ։
Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարո՛ն Ալումյան, այսօր շարունակվեց Քոչարյանի կալանվորումը գրավով փոխարինելու հարցի քննությունը և կրկին հետաձգվեց․ գործը քննող դատավորին քննիչն ու դատախազները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, դուք, այսպես ասած, ձգձգման միտում տեսնու՞մ եք այս միջնորդության մեջ։
Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ քննիչն ու դատախազները փորձում են հնարավորին չափ ձգձգել հարցի քննությունը: Հիմա մոտենում է այն ժամանակը, երբ քննիչը պետք է նորից միջնորդություն ներկայացնի, որպեսզի պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի և, հավանաբար, իրենք ուզում են, որպեսզի քննիչի միջնորդության հետ միասին քննվի գրավի վերաբերյալ հարցը, ուրիշ ողջամիտ բացատրություն ես չեմ կարողանում տալ իրենց գործողություններին։
Միջնորդությունն ինչի՞ մասին էր։
Տեսեք, երկու ամիսը մեկ քննիչը պետք է միջնորդի դատարանին, որպեսզի կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի, հիմա մոտեցել է էդ ժամանակը, երբ քննիչը պետք է միջնորդի՝ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, հիմա էդ միջնորդությունը պիտի նաև մինչև ամսի 15-ը քննվի։
Դատավորը Նելլի Բաղդասարյանն է, կարծում եք՝ վաղը ինքնաբացարկ կհայտնի՞։ Ձեր սպասումները, ակնկալիքները, ենթադրությունը, եթե կարելի է։
Ընդհանրապես որևէ հիմք գոյություն չունի, որպեսզի դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնի և գործը վայր դնի ու փոխանցի այլ դատավորի, որևէ օրինական հիմք չկա։ Բայց այս գործով մենք շատ ենք տեսել, որ օրենքից դուրս որոշումներ են ընդունվել։
Ինչու՞ են ուզում ինքնաբացարկ ներկայացնել Նելլի Բաղդասարյանին։
Ես կարծում եմ, որ ուզում են ձգձգել։ Հիմա տեսեք, եթե Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնի և գործը փոխանցի այլ դատավորին, այդ պրոցեսը կարող է երկարել մինչև արդեն խնդիրը սկսի քննարկվել քննիչի միջնորդության հետ միաժամանակ, այն միջնորդության, որով քննիչը խնդրելու է, որպեսզի պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի։
Պարո՛ն Ալումյան, դեկտեմբերի 28-ի հետաձգումը քննիչը պատճառաբանել էր, թե ոչ աշխատանքային օր է և կարևոր գործեր ունի։ Ներողություն եմ խնդրում, էսպես ասած չափից դուրս զավեշտալի՞ չէր Ձեզ համար այս պատճառաբանությունը։
Միայն քննիչի մասին չասենք, նաև դատախազները կտրականապես դեմ արտահայտվեցին, որպեսզի ժամը 6-ից հետո քննությունը շարունակվի։ Դա տարվա վերջին աշխատանքային օրն էր, երբ որ արդեն ժամը 6-ից հետո շարունակվեց գրավի վերաբերյալ մեր միջնորդության քննությունը, քննիչն ու դատախազներն ասացին՝ վե՛րջ, աշխատանքային օրն ավարտված է մեզ համար և մենք այլևս չենք ցանկանում, որպեսզի մեր մասնակցությամբ այս հարցը քննարկվի, դատավորն էլ ընդառաջեց նրանց և գիտեք՝ հետաձգեց, նշանակեց նիստը հունվարի 9-ին։
Չիմացա՞ք՝ ինչ կարևոր գործեր ունեն։
Ես կարծում եմ, որ դա ուղղակի պատրվակ էր, որպեսզի ձգձգեն։
Պարո՛ն Ալումյան, լավ, այդուհանդերձ, ինչու՞ երկրորդ անգամ կալանվորվեց Քոչարյանը, եթե հաշվի առնենք, որ ինքը նախաքննությանը չէր խանգարում, երկրից փախուստի փորձ չի արել։ Ինչու՞ և այս ձգձգումներով դեռ որքա՞ն ժամանակ կարող են այսպես առաջ գնալ, ի վերջո ժամանակը․․․
Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել և իմ ասածը կարող եմ հիմնավորել, որ այս պահի դրությամբ պարոն Քոչարյանը համարվում է քաղական բանտարկյալ, միանշանակորեն նա այսօր պահվում է կալանքի տակ՝ դատարանի կոպիտ խախտման արդյունքում և քաղաքական նկատառումներից ելնելով։
Ձեր այս ձևակերպումներից հետո ես կարո՞ղ եմ ենթադրել, որ, փաստորեն, Դուք ակնկալիքներ չունեք, որ գրավով կազատվի։
Գիտե՞ք, եթե ընդհանրապես ակնկալիքներ չունենայինք, ընդհանրապես այդ միջնորդությունը չէինք ներկայացնի, մենք ունենք ակնկալիքներ՝ ելնելով էն իրողությունից, որ Հայաստանի ո՛չ բոլոր դատավորներն են, որոնք պատրաստ են էդ աստիճանի մասշտաբային խախտումների գնալ։
Բայց մենք տեսնում ենք, թե ինչ հալածանքների են ենթարկվում դատավորները։
Այո, բայց, այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ թե՛ նախքան իշխանափոխությունը կային դատավորներ, որ ունեին այդքան համարձակություն և մասնագիտական որակներ, որ գնային նախորդ իշխանությունների պատվերին հակառակ, և հիմա՛ էլ կան այդպիսի դատարաններ։ Եվ ընդհանրապես դատական համակարգի առողջացման հետ կապված հույսերը կապված են իրականում հենց էդ որակի դատավորների հետ և մենք կարծում ենք, որ հնարավոր է գտնվեն դատավորներ, ովքեր չեն գնա այդ աստիճանի մեծածավալ, մեծամասշտաբ ու նույնիսկ կոպիտ խախտում չեմ կարող ասել։ Երբ ասում են կոպիտ խախտում, դա այն բառը չէ, որ փոխանցում է խախտման մասշտաբը, գռեհիկ խախտումների գնալ․․․
Պարո՛ն Ալումյան, օրերս Փաստաբանների պալատի խորհուրդն էր դատապարտել դատավորների նկատմամբ իրականացվող այս ճնշումները, որևէ ազդեցություն ունե՞ն այս հայտարարությունները, ես ընդամենը մատնանշեցի մեկը, երբ հրապարակից հայտարարվում է որ . – «Ով է այդ դատավորը, որը ինձ կարող է ասել չէ» ։
Ուրեմն, ճիշտն ասած, բառը երբեք անարդյունք չի մնում։ Տվյալ դեպքում այդ բառը ասվել էր ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով և շուտ թե ուշ, իր արդյունքը ունենալու է։ Ես շատ ոգևորված եմ Փաստաբանների պալատի խորհրդի ճիշտ կեցվածքով։
Ազդեցություն ունենու՞մ է ձեր կարծիքով, ընդհանուր հասարակական ընկալման տեսանկյունից, պարո՛ն Ալումյան։
Հիմա անգամ հասարակությունը, դեռ որոշակի խավ չի հասունացել, որ հասկանա, թե ինչքան կարևոր է դատավորների վրա ճնշում չգործադրելը, ապա դրա ժամանակն էլ կգա, և մեր հասարակությունը կհասունանա մինչև այդ աստիճան։
Պարո՛ն Ալումյան, դեկտեմբերի 28-ից, եթե չեմ սխալվում, արգելված է տեսակցությունը Քոչարյանին։ Խոսքը ձեր մասին չէ, այլ հարազատների, նաև ծանրոց է արգելված, այսպես ասած, ուղարկել։
Չէ հարազատների հետ տեսակցությունները ի սկզբանե քննիչի կողմից …
Պատճառաբանությամբ, թե տոնական օրեր են։
Ի սկզբանե, հենց առաջին իսկ օրվանից, երբ պարոն Քոչարյանը կալանավորվեց, արգելվեցին նաև նրա տեսակցությունները բոլորի՝ բացառությամբ փաստաբանների, և այդ ռեժիմը պահպանվում է մինչև այսօր։
Բացատրությունը ո՞րն է։
Որ այդ տեսակցությունները կարող են խոչընդոտել քննության ընթացքին։ Հարազատների և նաև մերձավորների հետ։ Ինչ վեարբերվում է ծանրոցներին, ապա այդտեղ առանձնապես խնդիր չկա, պարոն Քոչարյանը պակաս չունի թե՛ սննդի ու թե՛ ըմպելիքի։ Ուղղակի մի քանի օր ոչ աշխատանքային, մի քանի օր ԱԱԾ-ում կար խնդիր՝ թե ով պետք է ընդունի այդ ծանրոցները և տեղափոխի քրեակատարողական հիմնարկ, այդ խնդիրը լուծվեց։
Սա միայն Քոչարյանի պարագայում էր՞։
Բոլորի մասով։ Օրեր նշանակվեցին, ոչ աշխատանքային օրերի մեջ, երբ որ այդտեղ ծանրոցները ընդունվեցին ու փոխանցեցին կալանավորված անձանց։
Ինչ՞ ունի Քոչարյանը այնտեղ։ Հեռուստացույց, ինտերնետ…
Բացի ինտերնետից ամեն բան։ Մի րոպե ազատ ժամանակ չունի։ Ամբողջ օրը ծանրաբեռնված է և անգամ, երբ որ մենք գնում ենք իր մոտ տեսակցության, զգում ենք, որ նա փորձում է կարճ կապի, որպեսզի իր աշխատանքին անցնի։
Դրական։
Այո։
Մի բան էլ, դեռ խանգարում եք, պարո՛ն Ալումյան։
Չէի ասի, որ խանգարում ենք, բայց․․․
…
Պարո՛ն Ալումյան, երեկ դիմել եք Սահմանադրական դատարան, այ մատնացույց է արվում, որ ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանը, այս իշխանության մարդը չէ, ու կաշկանդված չի լինի որոշում կայացնելուց։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՍԴ-ից առհասաարակ։
Տեսեք, մի թյուր կարծիք գոյություն ունի, որ եթե որևիցե մի դատավոր նշանակված է մեկ այլ իշխանության կողմից, ապա այդ դատավորը կաշկանդված է այ իրեն նշանակած իշխանություններով և կաշկանդված չէ ներկայիս իշխանություններով։ Ոչ, այդպես չէ։ Իրականում այն դատավորները, որոնք կաշկանդվելու բնավորություն ունեն, իրենք կաշկանդված են տվյալ պահի իշխանության գործոնով։ Այսինքն՝ այն իշխանության, որը այդ պահին ունի այդ դատավորի նկատմամբ լծակներ։ Եվ նաև կան դատավորներ, իհարկե, ավելի քիչ, քան մյուս տեսակն է, որոնք որ այդ կապանքների մեջ չեն, գտնվում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են, եթե 100 %, չէ, գոնե 99 %-ով՝ անկախ նրանից, թե այդ պահին ինչ իշխանություն է և ինչ ցանկություններ ունի այդ իշխանությունը:
Ի՞նչ տոկոս են նրանք կազմում ձեր կարցիքով։ Չեմ կարող չհարցնել։
Իմ գնահատմամբ մոտ մի 5%։
Եվ փաստորեն ՍԴ-ի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք։
Եթե մենք ասում ենք, որ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանությունների նշանակած մարդն է, դա ոչինչ չի նշանակում։ Նշանակություն ունի, թե ինչպիսի իմունիտետ ունի ինքը իրա մեջ՝ իշխանությունների ճնշումներից, այսինքն՝ ինչքանով է ինքը իր մեջ պատրաստ չգնալ իշխանությունների քմահաճույքին այդ ուղղությամբ, այլ իրական արդարադատություն իրականացնել, և չմոռանանք, որ ՍԴ-ն դա միայն Հրայր Թովմասյանը չէ։
Եթե Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ, դա չի՞ նշանակում, որ ի սկզբանե պետք է ՍԴ-ն քններ այդ գործը։
Իմիջիայլոց, սահմանադրական կարգի տապալումը դա քրեական օրենսգրքի մեջ մնացած հոդվածներից մեկն է, և պետք է ընհանուր իրավասության դատարանը պետք է քննի, թե արդյոք եղել է նման հանցագործության դեպք, թե չէ և արդյոք տվյալ անձը այդպիսի հանցագործություն կատարել է թե ոչ ։ Սա ընդհանուր իրավասության դատարանի գործն է։
Եվ ՄԻԵԴ-ի մասով ի՞նչ ունեք, երկրորդ գանգատն եք ներկայացրել։ Երկու գանգատներն էլ խնդրում եմ ներկայացրեք։
Այո, առաջին գանգատը վերաբերվում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումներին և պարոն Քոչարյանի պաշտպանության իրավունքի խաղտմանը։
Այս մասով դատարանը մերժեց, չէ՞, Նիկոլ Փաշինյանին, որ այս ընթացքում գնահատականներ հնչեցին։
Չէ, ոչինչ չի մերժվել, բացի հայցի ապահովման միջոց կիրառելուց։ Առանձնապես ինչ-որ լուրջ, բացասական բան այդ առումով չենք առձանագրել։ Մենք դիմել ենք, այո՛, պարոն Փաշինյանի դեմ ….
Պարոն Փաշինյանը մի շարք արտահայտություններ էր թույլ տվել, որոնք․․․ ասենք ասել էր, որ իր արտահայտություններից հետևում էր, որ պարոն Քոչարյանը կազմակերպել է տասը հոգու սպանություն։ Ուղիղ այդպես ասել էր, ոնց կարելի է տասը հոգու սպանություն կազմակերպել ու հետո ասել, որ ես անձեռնմխելի եմ․ խոսքը պարոն Քոչարյանի մասին էր։ Եվ պատկերացրեք էսպես․ նախքան դատարանը անձին մեղավոր կճանաչի, ոչ ոք իրավունք չունի այդպիսի արտահայտություն անել, բայց էստեղ է՛լ ավելի լուրջ խնդիր է, անգամ էդպիսի մեղադրանք գոյություն չունի, ու պարոն Փաշինյանը իրեն էդպիսի արտահայտություն է իրեն թույլ տվել։
Այո, մեղադրանքը միայն սահմանադրական կարգի մասով է, տասը սպանությունները չեն քննվում։
Հա, իհարկե։ Էդպես չէր կարելի անել, մենք դիմեցինք դատարան, հույս ունենք, հուսով ենք՝ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, էլի քաղաքական կոնյուկտուրայով չի առաջնորդվի։ Հույս ունենք, տեսնենք այդ հուսերը կարդարանան, թե ոչ։
Առաջին գանգատը փաստորեն ՄԻԵԴ, երկրորդն էլ, եթե կարելի է, երկրորդ գանգատն էլ։
Իսկ ինչու չսպասեցինք, թե ․․․ ՄԻԵԴ էլ դիմեցինք այդ գանգատի, հենց այդ առումով դիմեցինք և նաև պաշտպանության իրավունքի խախտման հիմքով դիմեցինք, որովհետև պաշտպանների նկատմամբ աննախադեպ ճնշումներ կային և շարունակվում են։ Եվ դա մենք մեր խնդիրը չէինք բարձրացնում, մենք եվրոպական դատարանում բարձրացնում ենք մեր պաշտպանյալի խնդիրը, որ եթե իր պաշտպանների նկատմամբ էդպիսի ճնշումներ են գործադրվում, ապա դրանով խախտվում է իր իրավունքը՝ արդյունավետ պաշտպանություն ունենալու։ Դիմեցինք եվրոպական դատարան, և հիմա այս տարի 2019 թվականին արդեն նաև երկրորդ գանգատը մուտք եղավ եվրոպական դատարան։
Երկուսն էլ արդեն մուտք եղե՞լ են։
Հա, մեկը դեռ հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդը այս տարի՝ 2019 թվականին
Եվ ժամկետների մասով, ի՞նչ, այսպես ասած, սպասումներ ունեք, սովորաբար այս գործըթացը շատ երկար է տևում։
Չէ, եթե անձը կալանքի տակ է, հնարավոր է, որ շատ երկար, Ձեր ասած շատ երկարը, երևի ի նկատի ունեք մի քանի տարի, միգուցե մի քանի տարի չտևի։ Դրան գումարած, մենք որոշ փաստարկներ ենք բերել, թե ինչու պետք է մեր կարծիքով պարոն Քոչարյանի գանգատը՝ այս երկրորդ գանգատը, քննվի ավելի արագ ընթացակարգով։
Եվ ինչո՞ւ չսպասեցիք, որ փաստորեն, մեր ատյաններում սպառվի հարցը, սովորաբար էդպես է։
Դե դուք պատկերացրեք, եթե անձին կալանավորել են երկու ամսով, և մենք հիմա դիմել ենք Վճռաբեկ դատարան, որը օրենքով երեք ամիս ունի միայն, որ որոշի մեր բողոքը վարույթ ընդունի, թե չէ։ Անձին երկու ամսով կալանքի են վերցրել, վճռաբեկ դատարանը երեք ամսում որոշելու է մեր բողոքը վարույթ ընդունի, թե չէ, դրանից հետո էլ եթե վարույթ ընդունեց, պարզ չի, թե երբ կնշանակի քննությունը, և այս պայմաններում վճռաբեկ դատարանը պարզապես արդյունավետ պաշտպանության միջոց չի։
Պարո՛ն Ալումյան, կարծում եք ՄԻԵԴ-ի վճիռներից հետո կփակվի՞ մարտի մեկի էջը։ Հասարակության մեջ կա տպավորություն, որ մարտի մեկի գործը փակվելու է՝ միայն ՄԻԵԴ-ի վճիռներից հետո՝ որպես, այսպես ասած, բարձրագույն ճշմարտություն կարծում են, որ դա կլինի։
Մարտի մեկի էջը չպիտի փակվի, ու էդպիսի ցանկություններ ես որևէ մեկի մոտ չեմ նկատել համենայն դեպս մեր կողմից։ Մարտի մեկի գործը պիտի, կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ որ պարզված լինեն այդ տասը հոգուց յուրաքանչյուրի սպանության բոլոր պարագաները՝ ներառյալ սպանողները, սպանության միջոցը, ձևը ու սպանության հետ կապված հրահանգ տվողները։
Որն այսօր բացարձակապես անուշադրության է մատնված։
Ինձ մոտ տպավորություն է, որ այս հարցը ներկայում քննչական մարմնին առանձնապես չի հետաքրքրում, և ես կարծում եմ, էդպիսի հստակ առաջադրանք էլ չունի այդ անձանց պարզելու, այլ առաջադրանք ունի բոլոր հնարավոր ճանապարհներով ուղակի պարոն Քոչարյանին կալանավորի և պահի կալանքի տակ հնարավորին չափ երկար։ Ես չգիտեմ ինչու, բայց ես Ձեզ հիշեցնեմ, որ պարոն Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց հետո պարոն Փաշինյանը, եթե չեմ սխալվում օգոստոսի 17-ին ․․․
Այո, այո 100 օրվա ․․․ մարտի մեկը բացահայտված է։
․․․ հրապարակում հայտարարեց, որ մարտի մեկի գործը ամբողջությամբ բացահայտված է և մի հատ էլ կրկնեց։ Այսինքն՝ ես ենթադրում եմ, որ․․․ ենթադրում եմ ընդամենը, բայց ենթադրում եմ փաստերի հիման վրա, որ առայժմ այն անձինք, ովքեր, որ այս գործը քննում են ու այն անձինք, ովքեր այդ գործը քննողներին հրահանգներ են տալիս, այդ անձանց այնքան էլ չի հետաքրքրում խնդրի մյուս կողմը, թե ոնց է յուրաքանչյուրը սպանվել, ում հրահանգով, տա Աստված ես սխալվեմ։
Բայց նաև հասարակությանը, կարծես, մեծ հաշվով, սա այլևս հետաքրքիր չէ։
Հասարակության մոտ ես էդպես չեմ նկատել, որ բացարձակ անտարբերություն կա՝ այդ հարցի վերաբերյալ։ Նախ կան զոհերի մերձավորներ ու հարազատներ, որոնք բոլոր պարագաներում, ես հուսով եմ, մինչև վերջ պայքարելու են, որպեսզի այդ ամենը բացահայտվի, և կան մարդիկ հասարակության մեջ, ովքեր իրոք հասկանում են, որ մարտի մեկը դա միայն այն չի, որ պարոն Քոչարյանը կկալանավորվի կամ չի կալանավորվի։
Լավ, դո՞ւք ինչ եք սպասում այս իշխանության շրջանում, դուք կարծում եք, որ վերջնականապես այս հարցերը չե՞ն բացահայտվի, վեր հանվի և միայն հաջորդ իշխանության ժամանակ նորից գործը․․․
Չէ, չէ, ես հույս ունեմ, որ այս իշխանությունը․ գիտեք ինչ ․․․
Դուք հույս ունեք, որ այս իշխանությունը ի՞նչ կանի։
Գիտեք, դե, ռևոլուցիայից հետո գալիս է էվոլուցիա, չէ՞։ Հիմա հետզհետե կարող են վերանայվել որոշ տեսակետներ, որոշ մոտեցումներ, համենայն դեպս ես այդ հույսերը ունեմ։
Բայց դուք շարունակում եք կարծել, որ քննությունը ուղղորդվում է իշխանությունների կողմից։
Միանշանակ, միանշանակ։ Ոչ միայն քննությունն է ուղղորդվում, դժբախտաբար դատավորներն են ուղղորդվում, չէ որ այդ ձայնագրությունները լսել եք երևի, չէ՞, թե ոնց են քննարկում, թե էս դատավորին ի՞նչ ասեցին, էս դատավորը ինչ ասեց, չէ՞ որ դուք լսել եք, չէ՞, որ պարզվում է դատավորը պարոն Փաշինյանին, կամ անձամբ, կամ ինչ-որ միջնորդավորված ձևով, ասել է, որ գործը ջուր է, հասկանու՞մ եք։
Բայց դուք լավ չօգտագործեցիք այդ գաղտնալսումների պահը՝ որպես փաստարկ, փաստաբաններդ։
Ցանկացած Ձեր քննադատություն պատրաստ եմ ընդունել, քանի դեռ իմ պաշտպանյալը կալանքի տակ է։
ՄԻԵԴ կցվե՞լ է գանգատներին ձայնագրությունը։
Այո, իհարկե, և նաև վերաքննիչ դատարան է այստեղ ներկայացվել, և նաև վճռաբեկ դատարան է ներկայացվել։ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես, մեղմ ասենք, տարօրինակ մտքեր արտահայտեց, այդ ձայնագրությունների հետ կապված․ասաց, որ այդ ձայնագրությունները հիմք չեմ ընդունում, քանի դեռ պատշաճ իրավական ընթացակարգով չի պարզված ձայնագրությունների հետ կապված հանգամանքները։ Այսինքն՝ կարելի է ձև անել, որ այդ ձայնագրությունները գոյություն չունեն, սա կոչվում է ջայլամային քաղաքականություն։ Դատարանները թող չհամարեն, որ ես իրենց վիրավորում եմ, ընդհամենը դատապարտում եմ։ Այսինքն՝ կարելի է ձև անել, որ ինչ-որ ապացույց գոյություն չունի։
ՀՔԾ-ն կարծես լռում է, պարոն Ալումյան, Սասուն Խաչատրյանը ընդհատակ է, կարծես, անցել։
Գիտեք, սա այն դեպքն է, որ ՀՔԾ-ն չէր լռում, խոսում էր, ահագին մեզ առավելություն էր դրանով տալիս։ Մենք համարյա ցանկացած իրենց ելույթ ահագին մեծ մասով օգտագործում էինք, և Եվրոպական դատարան ներկայացրած գանգատի նյութերի մեջ, երևի մի 30-40% կազմում են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի և մեր հարգելի վարչապետի ասածները։
Նաև վարչապետի ասածները։
Այո, նաև վարչապետի ասածները։
Պարոն Ալումյան, ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության վարչության պետ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, ի՞նչ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ։
Դե, իհարկե ես չեմ կարող ասել ինչ ցուցմունք է տվել, դրա իրավունքը չունեմ։ Տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, մի զգալի մասով տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք և այ հենց այդ հատվածը օգտագործվում է Պարոն Քոչարյանի դեմ։
Դե, Արշակ Կարապետյանը մարդ է, ով համարվում է ապրիլյան պատերազմի պատասխանատուներից և այսօր փաստորեն այդ ցուցմունքի դիմաց նշանակվում է խորհրդական։ Սա ի՞նչ մեսիջ է և ուղղված է ո՞ւմ։
Գիտեք, այսպիսի բան գոյություն ունի, որ երբ որ անձը տալիս է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, շատ ժամանակ այդ անձը հետո սկսում է մտածել․«Իսկ ճիշտ արեցի, որ այսպիսի ցուցմունք տվեցի, ոնց անեմ իմ սխալը ուղղեմ, որ ճիշտ ցուցմունք տամ, բայց պատասխանատվության չենթարկվեմ՝ այս սխալ ցուցմունքիս համար», երբ որ անձը սկսվում է այսպիսի կասկածների մեջ ընկնել, քննչական մարմինը, ոչ բարեխիղճ քննչական մարմինները, սկսում են լծակներ փնտրել՝ այդ անձի նկատմամբ, որ հանկարծ ինքը իրա ցուցմունքը չփոխի։ Ես չեմ բացառում, որ սա լծակներից մեկն է, այսինքն՝ էտ մարդուն մոտեցնել, տալ որոշակի պաշտոն և լիազորություններ ու պահել են վիճակում, որ ինքը ցանկացած ժամանակ պատրաստ լինի այդ ցուցմունքները պնդել։
Եվ վերջում, պարո՛ն Ալումյան, ես հետևում եմ և տեսնում եմ, թե պարբերաբար ինչ հարձակումների է ենթարկվում նաև սոցցանցերում ձեր փաստաբանական թիմը, ներողամտաբա՞ր եք վերաբերվում այդ ամենին։
Չէ, ներողամտաբար անձամբ ես չեմ վերաբերվում։
Եվ ի՞նչ եք պատրաստվում անել, գուցե իրավական, չգիտեմ, տեսանկյունից։
Եթե այդ հարձակվողները կարծում են, որ այդ հարձակումների արդյունքում կարող է մեր եռանդը պակասել․․․
Հոգեբանական ճնշում են փորձում ձեր վրա գործել։
․․․ուրեմն թող ճնշվող մարդ գտնեն ու փորձեն նրան ճնշել, ճնշվողների մեջ չենք մինչև հիմա եղել, չենք էլ լինի։ Ուրեմն եթե կարծում են, որ դրանով մեր եռանդը կպակասի, չէ, կկրկնապատկվի։ Ներել, անձամբ ես հասկանում եմ, որ կա մարդ, ով կարող է մի նախադասությամբ, այս ամեն ինչը դադարեցնել․ այս կեղտոտ հայհոյանքները, սպառնալիքները և այլն, ինքը մի նախադասությամբ կարող է դադարեցնել։
Նիկոլ Փաշինյանը․․․
Ես չեմ ուզում ասել, այդ մարդը գիտի, և ես հասկանում, որ եթե մինչև հիմա այդպիսի մարդիկ կան, որ իրենց թույլ են տալիս համացանցում նման արտահայտություններ, ես հասկանում եմ, որ դրանք լռակյաց համաձայնությունը գոնե ստացել են, և ես եթե խնդիր ունեմ, խնդիր ունեմ էն մարդու հետ, ով կարող էր դա դադարեցնել և չի դադարեցրել։
Շնորհակալ եմ, պարո՛ն Ալումյան։
Ես էլ եմ շնորհակալ։
Այսօր իմ հյուրն էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։ Ամուր եղեք։ Կհանդիպենք վաղը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը