Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման նախագիծը նախապատրաստվել է իմիջիայլոց, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով:Հայտարարությունը տարածել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը և Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն:Հայտարարության մեջ ասված է.
«2018թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերջինիս վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2019թ․ հունվարի 8-ը։
Հարկ ենք համարում բարձրաձայնել, որ ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացված են ստորև։
Գործընթաց· Նախագծի մշակման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և անբավարար մասնակցային՝ համեմատած նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերի (2009-2012թթ. և 2015-2018թթ.) մշակման գործընթացների հետ, որոնցում շահագրգիռ բոլոր կազմակերպությունները ներգրավվել են նախքան նշված փաստաթղթերի պաշտոնական շրջանառումը, ուստիև ավելի մեծ հնարավորություն են ունեցել ազդելու դրանց բովանդակության վրա։·
Նոր՝ չորրորդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն առնչվող միակ քննարկումը եղել է 2018թ․ հունվարին, այսինքն՝ նախորդ կառավարության օրոք։ Հեղափոխությունից հետո նոր ռազմավարության մշակման գործում քաղհասարակության ներգրավման որևէ պաշտոնական գործընթաց չի եղել, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները նույնիսկ չեն քննարկվել։· Նախագիծը 2018թ. դեկտեմբերի 19-ին ներկայացվել է մի խումբ հասարակական կազմակերպությունների շրջանում և նույն օրը տեղադրվել www.e-draft.am կայքում՝ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանելով 14 օր՝ մինչև 2019թ. հունվարի 3-ը, որն այնուհետ երկարաձգվել է մինչև հունվարի 8-ը՝ 20 օր:
Հաշվի առնելով, որ այս ընթացքում 12 օր ոչ աշխատանքային, տոնական օրեր են, բնականաբար սահմանափակվում են շահագրգիռ քաղաքացիների և կազմակերպությունների` փաստաթղթին ծանոթանալու և առաջարկություններով հանդես գալու հնարավորությունները:· Ակնհայտ է, որ ներկայացված նախագիծը նախապատրաստվել է իմիջիայլոց, անփույթ և ներկայացվել հապճեպ կերպով՝ հասցնելու այն հրապարակել մինչև երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության վերջնաժամկետը՝ 2018թ․ դեկտեմբերի 31-ը։ Նախագծի առաջ մղման ոչ թափանցիկ և ոչ մասնակցային գործընթացով ՀՀ արդարադատության նախարարությունն անպատասխանու վարքագիծ է դրսևորել ինչպես շահագրգիռ հանրության, այնպես էլ՝ հենց փաստաթղթի ու դրա կարևորության նկատմամբ։
Կառուցվածք·
Ի լրումն փաստաթղթի մշակման խնդրահարույց գործընթացների, Նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 22-ի N2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին:· Մասնավորապես` Նախագծի ռազմավարության հատվածում բացակայում են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կատարողականի ցուցանիշները, նախատեսված միջոցառումների ղեկավարման մոնիտորինգի և դրանց հաշվարկների իրականացման ընթացակարգերը և այլն։ Փաստաթուղթը դրական լույսի ներքո թվարկում է նախկինում արված գործողությունները՝ առանց կատարելու դրանց արդյունավետության գնահատում։· Հաշվի առնելով, որ ռազմավարությունից առաջ չի մշակվել հայեցակարգ, ինչը կլիներ տրամաբանական, և համաձայն վերոնշյալ Ուղեցույցով ենթադրյալ գործընթացի՝ Նախագծից դուրս են մնում բազմաթիվ հարցեր։
Մասնավորապես, պատշաճ ներկայացված չի նպատակը, որի շրջանակում, ըստ նշված Ուղեցույցի, կնկարագրվեին առկա իրավիճակը և գործող/նախկին քաղաքականության հետ կապված խնդիրները, և հասկանալի կլիներ, թե ինչ խնդիր է լուծում նոր ռազմավարությունը։ Բացակայում է միջոցառումների համար հիմք հանդիսացող խնդիրների վերլուծությունը, առաջիկա անելիքներն էլ, ըստ այդմ, ներկայացված են կցկտուր և առանց պատշաճ հիմնավորումների։Արդյունքում՝ հասկանալի չէ առանձին միջոցառումների կապը ռազմավարության հետ և դրանց իմաստավորումը։ Մասնավորապես՝ անըմբռնելի է որոշ միջոցառումների դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես օրինակ՝ լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորումը։
Բովանդակություն·
Նախագծի անփույթ և հապշտապ նախապատրաստումն իր ազդեցությունն է ունեցել փաստաթղթի բովանդակության վրա։ Այն, ակնհայտորեն, հանդիսանում է նախորդ իշխանությունների որդեգրած ձևական մոտեցումների տրամաբանական շարունակությունը և չի արտացոլում կոռուպցիայի դեմ պայքարին միտված քաղաքական կամքի առկայությունը։·
Նախագծի ռազմավարության հատվածի Ներածության առաջին իսկ պարբերությունում նշված է. «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: «Ռազմավարություն» կոչվող այս փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, որ եղել է համաժողովրդական ընդվզում կոռումպացված իշխանությունների դեմ, որ եղել է շրջադարձային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում, և որ նոր կառավարությունը նախկին իմիտացիոն քաղաքականության փոխարեն որդեգրել է կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումը։·
Նույն ոգով՝ ռազմավարության նախագծի 1.1 և 1.3 բաժիններում նկարագրվում են երրորդ ռազմավարության արդյունքները և հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ առանց գնահատելու դրանց արդյունավետությունը` առնվազն միջազգային կազմակերպությունների կոռուպցիայի ընկալման համաթվերի անբարենպաստ արժեքների համատեքստում։·
Ներկայացվում են ծրագրի արդյունքներն այն դեպքում, երբ դեռ պարզ չէ, թե արդյոք բոլոր միջոցառումները հասցնում են ավարտել մինչև վերջնաժամկետը։ Ընդ որում՝ խիստ կարևոր է, որ լինի արդյունքների և քաղած դասերի վերլուծություն՝ հետագա քաղաքականության ու միջոցառումների մեջ շտկումներ անելու և դրանց արդյունավետությունը երաշխավորելու նպատակով։·
Իրավացիորեն նշելով ներկա ռազմավարության մի շարք թերացումների մասին, այն է, մոնիտորինգի մեխանիզմի բացակայությունը, փաստաթղթի ոչ ճկուն լինելը և հանրային իրազեկման ծրագրերի բացակայությունը՝ ռազմավարության նախագիծը չի նշում նախորդ ռազմավարությունների իրականացման ամենամեծ թերացման՝ քաղաքական կամքի բացակայության մասին: Ոչ մի ակնարկ չկա կոռուպցիայի համակարգային բնույթի և դրա արմատական պատճառների մասին։·
Մոնիտորինգի մեխանիզմի բացակայությունը համարելով երրորդ ռազմավարության ամենալուրջ թերացումը՝ ռազմավարության նախագիծը, փոխանակ առաջարկելու լուծումներ, 3-րդ բաժնում մոնիտորինգի վերաբերյալ տալիս է միայն հնչեղ հայտարարություններ և բարի ցանկություններ: Այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ մոնիտորինգի բացակայության մեխանիզմը կդառնա նաև նոր ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կարևորագույն թերացումը:·
Հակակոռուպցիոն ռազմավարությունը պատշաճ չի անդրադառնում դատական իշխանությանը և բացի e-justice հարթակից չի առաջարկում միջոցառումներ դատական կոռուպցիայի առնչությամբ՝ մինչդեռ հստակ է որ օրենսդիր և գործադիր մարմիններում քաղաքական կամքի առկայության պայմաններում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին հիմնական խոչընդոտ են լինելու կոռումպացված դատական համակարգը և դատավորները։· Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների դերը չափազանցված է և միջոցառումների ծրագիրն ավելորդ լցոնված է տարբեր ոլորտներում դիսկրետ էլեկտրոնային գործիքների ներդրման առաջարկություններով՝ առանց ունենալու ոլորտներում առկա խնդիրների առավել համապարփակ պատկերն ու ներկայացվող միջոցառումների պատշաճ հիմնավորումները, ինչպես նաև՝ ամբողջականությունից զրկելով հակակոռուպցիոն քաղաքականության փիլիսոփայությունը։·
2018թ․ սեպտեմբերի վերջին Երևանում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կողմից իրականացված մոնիտորինգի չորրորդ շրջափուլի արդյունքում պատրաստված զեկույցը, որում ներկայացվեցին բազմաթիվ առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու առնչությամբ։ Հարկ է նշել, որ այս զեկույցում բերված բավականին մեծ թվով առաջարկություններ պարզապես անտեսվել են Նախագծի հեղինակների կողմից։Հաշվի առնելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի որակի, բովանդակության և ընդունման գործընթացի վերոնշյալ խնդիրները՝ պահանջում ենք կասեցնել Նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։
Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձևական ու կեղծ մոտեցումներին, և երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին։ՀՀ կառավարության մարմինների կողմից մասնակցային և բաց գործընթաց ապահովելու պատրաստակամության պարագայում պատրաստ ենք համագործակցել՝ ունենալով բովանդակային ներդրում փաստաթղթի վերանայման և բարելավման գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը