27 12 2018

Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ



Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:                                                                          

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ` Ա.Հ-ն քաղաքացի Ն.Խ-ից որպես կաշառք պահանջել է 700 ԱՄՆ դոլար գումար՝ խոստանալով, որ վերջինիս դեմ ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին: Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է 500 ԱՄՆ դոլար:

2018թ. դեկտեմբերի 26-ին ժամը 12-ի սահմաններում քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո  ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել 500 ԱՄՆ դոլարը, ինչից հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:  

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ  գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են ՀՀ ՀՔԾ, հարուցվել է քրեական գործ, Ա.Հ-ն ձերբակալվել է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ