24 12 2018

Ոստիկաններն առանց հանգստի կաշխատեն՝ գողությունները կանխելու համար

Ոստիկաններն առանց հանգստի կաշխատեն՝ գողությունները կանխելու համար

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ֆեյսբուքյան էջից։

«Խորհրդակցությանը մասնակցել են նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։

Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծել է, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։

Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ կարևորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։

Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարել է անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակում իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը և՛ տեղակալներին, և՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգել է՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ