07 12 2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ժամեր անց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ժամեր անց

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր և դեկտեմբերի 4֊ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

 Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:

Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

 Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։

 Նշենք նաև, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 18.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Ռուբեն Սահակյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ