ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի բաժնից:
Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամի կողմից իր ղեկավարած նույն հասարակական կազմակերպությանը 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3.000.000 ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար:
***
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքապետարանների և կից հիմնարկների աշխատակիցների կողմից, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերով՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող գումարների յուրացման դեպքեր:
Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ անձինք համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել իրականում տևական ժամանակ աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի դիմաց, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով, բացի այդ իրենց մտերիմներին, սահմանված կարգի խախտմամբ, տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքային պատկանելության շենք-շինություններ և հողատարածքներ:
***
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:
Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը