29 11 2018

Սամվել Մայրապետյանը կմնա կալանքի մեջ ևս երկու ամիս

Սամվել Մայրապետյանը կմնա կալանքի մեջ ևս երկու ամիս

Գործարար, «Հ2» հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս՝ մինչև փետրվարի 6-ը։ Նման որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում էր Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունն ու այլընտրանքային խափանման միջոց կիրառելու՝ փաստաբանի միջնորդությունը։ 

Դատարանը մերժեց գրավի միջնորդությւոնը։

«Դատարանի որոշումը գնահատում եմ ապօրինի և անհիմն՝ առանց կարդալու։ Ստացել եմ որոշումը և համոզված եմ, որ որոշումն ամբողջությամբ անհիմն է և ապօրինի, քանի որ քննիչի կողմից, ինչպես նշեցի միջնորդության քննարկման ժամանակ, որևէ հիմնավոր տեղեկություններ չէին ներկայացվել, հիմքեր չէին ներկայացվել կալանքի, իսկ դատական նիստի ժամանակ առավել ևս չներկայացվեցին։ Ես չգիտեմ՝ դատարանն ինչի՞ վրա հիմնվեց, որ նման որոշում կայացրեց»,- լրագրողներիհետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

«Քննիչը միջնորդության հիմքում գրել էր ընդամենը քրեական դատավարության օրենսգրքով սահմանաված հիմքը, որ Սամվել Մայրապետյանն ազատության մեջ մնալով՝ կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Սակայն նրա համոզմունքը, մտահոգությունը ինչո՞վ էր հիմնավորված, որևէ տեղեկություն նշված չէր։ Ու էս պայմաններում դատավորն ինչի՞ վրա հիմնվեց, որ նման որոշում կայացրեց, տեղյակ չեմ ու չեմ էլ ուզում տեղեկանալ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան՝ որոշումն անգամ չկարդալով։ Դրա համար 15 օր ժամանակ ունի։ «Համոզված եմ՝ ընդամենը արտագրություն է որոշակի օրենսդրական նորմերից»,- ասաց նա։։

Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը, ըստ փաստաբանի, արտաքինից շատ լավ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ