Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։
Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը և պատճառաբանել, որ նրան չի բավարարում երկու տարվա աշխատանքային ստաժ։ Այս հանգամանքը անտեսելու և թոշակը ձևակերպելու համար դիմողից պահանջել են 100.000 դրամ կաշառք, որն ինքը խոստացել է տալ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի սկզբին:
Օպերատիվ տվյալները ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Երևան քաղաքի վարչությունների ու Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Արդյունքում՝ սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնում բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին և բերման ենթարկվել։
Կաշառքի առարկա գումարը առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը