«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ փաստացի խմելու ջուր չեն օգտագործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով, ինչի կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ, անցկացնում է մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշված մոնիթորինգի շրջանակում «Վեոլիա ջուր» ընկերությունից վերցվել են կասկածելի, անտրամաբանական քիչ սպառում կամ ընդհանրապես զրոյական ծախս ներկայացնող կազմակերպությունների բազիսային տվյալները։
Նախատեսվել է դիտարկել շուրջ 2700 բաժանորդների ջրաչափական հանգույցները, որից 1500-ը՝ Երևանում: Ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքում արդեն իսկ հայտնաբերվել են 100-ից ավելի տարաբնույթ ենթադրյալ խախտումներ, որոնք պետք է քննարկվեն և դիտարկվեն «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ: Դիտարկումները դեռևս շարունակվում են ՀՀ մարզերում, որոնց արդյունքները կամփոփվեն հոկտեմբեր ամսվա ավարտին: Նշված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև ընկերություններ, որոնք օգտագործում են խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ փաստացի խմելու ջուր չեն օգտագործում:
Նշվածի ապացույց է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազում դեռևս 2014թ. հիմնադրված և մինչ օրս գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն՝ կոնյակի և գինու գործարանը: Հատկանշական է, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա (որոնցից ամենամեծը «Ղազարավանի» 500մմ-անոց՝ ք. Էջմիածինը սնող ջրատարն է), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր:
Բազմիցս՝ 2017թ. և 2018թ., ինչպես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, այնպես էլ Ջրային կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փորձեր են արվել «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ և դարձնել խմելու ջրի բաժանորդ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու (քլորացված) ջրի սպառման փաստը և արգելել նշված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը գործարանի տարածք։
Այն, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանն իր տարածքում ունի խմելու (քլորացված) ջրի աղբյուր, փաստվել է մի քանի անգամ՝ տարբեր պատրվակներով գործարանի աշխատակիցներից ծորակից խմելու ջուր խնդրելով. նույն պահին հատուկ նյութի օգնությամբ բաժակում հայտնաբերվել է քլոր, ինչով փաստվել է, որ գործարանի ծորակներով հոսում է քլորացված խմելու ջուր: Այսպիսով, երկամյա դիտարկումներից համոզված ենք, որ Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը, ունենալով արտադրական մեծ հզորություն, ապօրինի խմելու ջուր է օգտագործում:
Այսօր ևս, հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով, սակայն պահակային ծառայությունը նրանց դուրս է հրավիրել՝ փակելով դռները, որևէ մեկը ղեկավար անձնակազմից այդպես էլ կապ չի հաստատել այցելուների հետ: Տեղում, հենց պահակակետում դրական արդյունքով կրկնվել է ծորակի ջրում քլորի առկայության ստուգման փորձը: Դիտարկումները շարունակվում են նաև մյուս մարզերում, որոնց արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը»։
Հիշեցնենք, որ ընկերությունը կապվում է Արթուր Բաղդասարյանի անվան հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը