26 09 2018

Սարի թաղի դեպքերի քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները չեն դադարեցվում. ՀՔԾ

Սարի թաղի դեպքերի քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները չեն դադարեցվում. ՀՔԾ

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից.

«Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ ԶԼՄ-ների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՔԾ-ն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով ձեռնարկում է միջոցներ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու կամ մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու, քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհրաժեշտության դեպքում քննիչը կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:

Քրեական գործը կասեցնելու մասին տուժողներին և նրանց ներկայացուցիչներին ծանուցելիս ՀՔԾ քննիչի կողմից նույնպես պարզաբանվել է, որ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են: Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել և կատարվեն դատավարական գործողություններ, այդ թվում` առանց մեղադրյալների մասնակցության:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով  9 անձի, այդ թվում` ոստիկանության ծառայողի, մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հանցավոր արարքների կատարման համար: Նրանցից 8-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ, իսկ 1-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործով շարունակվելու են հանցանք գործած մյուս անձանց հայտնաբերմանն ուղղված քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ