«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և նույն ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը վերահսկող դատախազը չի հաստատել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Վերահսկող դատախազն արձանագրել է, որ նախաքննությունը թերի է կատարվել, և գործի լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով այն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։
Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից համարվող Բեգլարյանը մեղադրվում է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության մեջ, ինչի հետևանքով տուժել է նրա որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը