06 09 2018

ՀՀ-ի դեմ վճիռ՝ Վրաստանում հարստացված ուրան վաճառելու գործով

ՀՀ-ի դեմ վճիռ՝ Վրաստանում հարստացված ուրան վաճառելու գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2012թ. մարտի 5-ին Գարիկ Դադայանի՝ ՀՀ դեմ ներկայացրած հայցով վճիռը։ Հարստացված ուրան վաճառելու համար դատապարտված Գարիկ Դադայանը 90.000 եվրո է պահանջել պատճառված բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ը վճռել է՝ ՀՀ կառավարությունը պետք է փոխհատուցի 2.400 եվրո: Դադայանը նաև 9.200 եվրո է պահանջել դատական ծախսերի համար, բայց ՄԻԵԴ-ն արդարացի է համարել 1000 եվրոյի չափով փոխհատուցումը: Արդյունքում՝ փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 3.400 եվրո:

Դատարանը վճռել է, որ հայցվորի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մասնավորապես՝ արդար դատաքննության և վկաներին հարցաքննելու իրավունքը: Հայտնի է, որ Դադայանը պնդել է, որ իր գործով դատավարության ընթացքում հնարավորություն չի տրվել երկու վկայի խաչաձև հարցաքննություն անցկացնել:

2010թ. մարտի 11-ին ոմն Ս. Տ.-ն և Հ. Օ.-ն Թբիլիսիում ձերբակալվել են, քանի որ փորձել են Հայաստանից գնացքով բերված 15 գր հարստացված ուրան վաճառել: Մեկ ամիս անց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վրացական կողմից տեղեկություն է ստացել այն մասին, որ ձերբակալվածներն ուրանը ստացել են Դադայանից: Վերջինս ձերբակալվել է, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել: Շրջանային դատարանը Դադայանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ սեփական գույքի բռնագրավմամբ: Ինչպես հաղորդվում է, որ վճիռը կայացնելիս դատարանը հիմնվել է Ս. Տ.-ի և Հ. Օ.-ի՝ Վրաստանում տված ցուցմունքների վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ