28 08 2018

Ավագանու ընտրություններին իրավունքների պաշտպանության նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Ավագանու ընտրություններին իրավունքների պաշտպանության նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաև ապահովել բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավական խորհրդատվության և քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:

Բողոքների և հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:

Աշխատանքային խմբին հանձնարարված է նաև ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ: Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ