2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով 21 անձանց, հիմնականում առողջական վիճակի հիմքով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը կամ տարկետման տրամադրմանը, ինչը 5-ով կամ 31 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշված 13 քրեական գործերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 2-ը՝ զինվորական զորակոչի կազմակերպման և իրականացման գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք: ԶՈՒ-ի հետ կապ չունեցող 4 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախության առերևույթ հանցագործություն կատարելու համար:
Վերոնշյալ 25 անձանցից 8-ի նկատմամբ, որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձինք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Հարկ է նկատել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել միայն 3 անձի նկատմամբ: 2018թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քննված 3 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ:
Օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց շրջանակները բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ Զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ զինծառայությունից ապօրինի խուսափելու նպատակով նմանատիպ անձանց հետ այս կամ այն կերպ համագործակցությունը ևս հանգեցնում է անխուսափելի քրեական պատասխանատվության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը