2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ: Դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։
Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաև զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն:
Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միևնույն զորամասում ծառայելու իրավունքին:
Պաշտպանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը