22 08 2018

Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանի եղբորը

Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանի եղբորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետի եղբորը՝ Կարեն Գասպարյանին 17.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա սպանության սպառնալիքներ է տվել Ավետիք Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր կողմից Կարեն Գասպարյանի ավտոմեքենան «Վարդավառ» տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ:

Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կ. Գասպարյանը Ա. Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և այլոց ներկայությամբ Ա. Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը:

Իրեն հայհոյելու համար Ա. Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կ. Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ա. Սարգսյանը տեղի է տվել Կ. Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

Կ. Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ