21 08 2018

Վարչապետի ելույթի որոշ դրվագների հակադրությունը՝ ՀՀ Սահմանադրության ու օրենքների հետ

Վարչապետի ելույթի որոշ դրվագների հակադրությունը՝ ՀՀ Սահմանադրության ու օրենքների հետ

Հայաստանում քաղաքագիտական, իրավական և մի քանի այլ ոլորտների մասնագետների քննարկման գլխավոր թեման այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթն է:

Հարկ է նշել, որ գրեթե բոլոր իրավաբանները, նաև նրանք, որոնք համարվում են իշխանական թիմի համակիր, վարչապետի որոշ հայտարարություններում խնդիրներ են տեսնում սահմանադրական կարգի, արդարության սկզբունքների հետ:

Առանձնացրել ենք վարչապետ Փաշինյանի ելույթի որոշ դրվագներ, որոնք հենց մասնագիտական դաշտը շրջանառում է որպես խնդրահարույց:

Եվ այսպես, Սահմանադրության և օրենքների ո՞ր հոդվածներին են հակասում վարչապետի ելույթի որոշ դրվագներ, ո՞ր մասով ինչ իրավունքներ են խախտվել:

  1. «Ուզում եմ շատ հստակ ընգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանություններից, և ես ուզում եմ և նախորդ իշխանության ներկայացուցիչներից և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ Ո՛Ր ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ Է ՀԱԿԱՍՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԱՅՍ ԿՏՈՐԸ.

Ա) Արդարության իրավունքը, ՀՀ Սահամանադրություն, Հոդված 63. «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Նշված հայտարարությամբ, ըստ իրավաբանների, փորձ է կատարվում ազդել դատարանի անկախության և անաչառության վրա՝ օգտագործելով սեփական պաշտոնական դիրքը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ հայտարարությունները արվել են հանրահավաքի ժամանակ, պետք է արձանագրել, որ նշված գործողությունը նպատակաուղղված էր դատավորների մոտ անհանգստություն առաջացնելուն, որ կարող են ենթարկվել ճնշումների նաև հասարակության կողմից: Արդար դատաքննության սկզբունքի խախտման համար օգտագործվել է հասարակական կարծիքը:

Բ) Անմեղության կանխավարկած. ՀՀ Սահմանադրություն, հոդված 66. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Նույն հայտարարությամբ, ըստ մասնագետների, խախտվում է անմեղության կանխավարկածը, քանի որ առանց մեղքի ապացուցման և առանց դատարանի օրինական վճռի՝ արդեն անձինք համարվում են մեղավոր:

Գ) Մեղքի սկզբունք և պատժի համաչափության սկզբունք. ՀՀ Սահմանադրոթյուն, հոդված 71-ի 1-ին մաս. «Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է»:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 9. «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»:

Մեղքի առկայությունը, ըստ մեզ, այսկերպ հաստատվում է ոչ թե դատարանի, այլ՝ վարչապետի կողմից՝ հանրային միջոցառման ժամանակ, ինչը հաստատում է ժողովուրդը: Սա միջամտություն է իշխանության երրորդ ճյուղի՝ դատարանի աշխատանքներին և իրավասության գերազանցում:

Դ) Դատավորի կարգավիճակը, ՀՀ Սահմանադրություն, հոդված 164, մաս 1-ին. «Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:

ՀՀ թիվ 1 պաշտոնյայի ելույթի հիշյալ հատվածը, ըստ մեզ, դատավորների մոտ կարող է վախ առաջացնել, որ հասարակության որոշ մասի համար ընդունելի որոշում չկայացնելու դեպում հետապնդումների ու ճնշումների կարող է ենթարկվել և ոչ միայն իշխանության, այլև հանրության կողմից:

Ե) Արդարադատության իրականացումը, ՀՀ Դատական օրենսգիրք, հոդված 6, մաս 1-ին.  «Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:

Ի հակառակ այս օրենսդրական կարգավորման, մեր կարծիքով փորձ է արվում արդարադատություն իրականացվել փողոցում, ոչ թե դատարանի կամ դատավորի, այլ՝ իշխանության ներկայացուցչի և հանրության կողմից:

Զ) Դատարանների անկախությունը, ՀՀ Դատական օրենսգիրք, Հոդված 7, մաս 1-4-րդ. «1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

Դատավորն այս հայտարարությամբ, համաձայն մասնագետների, կախյալության մեջ է դրվում երկրի վարչապետից և հանրությունից, և կասկածի տակ կարող է դրվել դատավորի գործունեության և վճռի արդարությունն ու անկախությունը: Դատավորը, համաձայն վարչապետի հայտարարության, գործը պարտավորվում է քննել ոչ թե համաձայն սահմանադրության, այլ՝ համաձայն պաշտոնյաների ու հանրահավաքի դուրս եկած հանրության կամքի: Ուղիղ պարտադրանքի և սպառնալիքի միջոցով Հանրապետության վարչապետը դատարանի վրա փորձում է ազդեցություն կիրառել, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում իշխանության ճյուղի նկատմամբ և պատվիրում որոշում:

Է) Անկախության վերականգնում, ՀՀ Դատական օրենսգիրք, հոդված 7, մաս 5. «Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին»:

 

            2. «… Շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են որ իրենց տեղը բանտում է, որ իրենք    պատասխան են տալու ժողովրդի առաջ սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ…»

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ Ո՛Ր ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ Է ՀԱԿԱՍՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԱՅՍ ԿՏՈՐԸ.

Ա) Արդարադատություն իրականացնող մարմինն ու միջամտությունը, ՀՀ Սահմանադրություն, հոդված 162, մաս 1-2. «1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:

Բ) Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը ՀՀ քերական օրենսգիրք, հոդված 332, մաս 1-3. «1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

2. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ինչպես տեսնում ենք, վարչապետի ելույթի միայն երկու ձևակերպում սահմանադրության և օրենքների տասնյակ հոդվածների կոպիտ խախտումների վկայություն են: Դատարանը գործը քննելիս պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով և ցանկացած միջամտություն կարող է և պետք է իրավական գնահատականի արժանանալ: Իսկ իրավական գնահատական տվողը որքանո՞վ է կաշկանդվում վարչապետի նույն ելույթից. Այ սա ևս խնդիր է:

Մենք անդրադարձանք ելույթի երկու դրվագի, այնինչ սահմանադրության և օրենքների խախտումների տարրեր կան նաև Նիկոլ Փաշինյանի ելույթի այլ դրվագներում, ինչպես նաև խոսվում է պետական նոր ինստիտուտների ստեղծման մասին: Վարչապետի ելույթի կոնկրետ դրվագները շատերը և հիմնականում՝ մասնագիտական շրջանակներում, դիտարկում են որպես սահմանադրական կարգը տապալելու փորձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ