08 08 2018

ՀՅԴ-ն Զոյա Թադևոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

ՀՅԴ-ն Զոյա Թադևոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն և քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադևոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերևույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաեւ ԱՀ նախագահին:

Այն հարցին, թե արդյոք Զոյա Թադեւոսյանի ներողությունը  չի՞ բավարարում ՀՅԴ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադևոսյանը չի վարկաբեկել որևէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ: Տվյալ անձնավորությունն այս պարագային շատ ավելի բարձր արժեքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրավական գնահատական,- նշել է Դ.Իշխանյանը և շեշտել,- համոզված ենք, որ իրավական ճիշտ գնահատականը նախադեպ կդառնա բացառելու այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ