27 07 2018

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայող Ժ. Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայել են, որ զինծառայողը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել հնարավոր այլ աշխատանքային վարկածներ ևս, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Մասնավորապես՝ վերջիններիս առաջադրվել են մի շարք հարցեր՝ տուժողի ստացված վնասվածքների, դրանց բնույթի, եղանակի և մահվան հետ պատճառահետևանքային կապի վերաբերյալ։ Այն է՝ դիակի վրա ինչպիսի վնասվածքներ կան, դրանց տեսակը, որտեղ են տեղակայված, պարզել պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը` յուրաքանչյուր վնասվածքով առանձին-առանձին:

Հրազենային վնասվածքի դեպքում՝ դրանք միջանցիկ (թափանցիկ) են, կույր, թե՝ շոշափող, գնդակային են, բեկորային, թե հասցվել է կոտորակով: Ինչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, այն ընդհուպ է, թե՝ ոչ (նշել մոտավոր հեռավորության չափը), ինչպիսին է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Երբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, որն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառված, թե՝ հետմահու, որ վնասվածքն ինչ պատճառական կապ ունի մահվան հետ:

Դիակի սկզբնական դիրքը փոփոխվել է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա մահվանից որքան ժամանակ հետո: Հայտնաբերված վնասվածքներում /վերքերում/ օտար առարկաներ, մանրաթելեր, միկրոմասնիկներ կան, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտեղ են դրանք հայտնաբերվել և ինչպիսին են:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել է դիահերձում, որին մասնակցել են տուժողի հորեղբայրը և հորաքրոջ տղան։ Փորձագետների կողմից արձանագրվել է, որ դիակի տարբեր հատվածներում առկա են տարբեր քերծվածքներ՝ կեղևակալված վիճակում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ:

Քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը:

Ինչ վերաբերում է տուժողի հարազատների կողմից հնչեցված այն դիտարկմանը, որ դիրքի ավագը հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում չի գտնվել, ապա տեղեկացնում ենք, որ այդ հանգամանքը ևս դարձվել է քննության առարկա։

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է  տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։

Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ