Հուլիսի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև, իր սև գործն ավարտելով, դիմել է փախուստի։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը