Հուլիսի 6-ի առավոտից Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Նրանք հայտարարում էին գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են: Դիվանատան շենքում էին նաև ոստիկանության ծառայողները: Ցուցարարները պահանջում էին, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել.
«Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»:
Հարցին, թե իրականում Սուրբ Գեղարդից մաս վաճառվել կամ նվիրվել է այլ անձի, կառույցի հոգևորականն ասաց, որ եկեղեցիների միջև նման պրակտիկա կա, իսկ թե կտրվել կամ կոտրվել հետո է նվիրվել, ինքը չի կարող ասել: Հարցին, թե այդ մասին հանրությունը տեղեկացվել է, ասաց, որ « Շողակաթ» հեռուստաալիքով ցուցադրվել է: Այնուհետև ցուցարարները հայտնեցին, որ հոգևորականներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, ականատեսներ էլ կան: Իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ նշելով. Որ նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։
Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են: Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։
Հիշեցնենք նաև, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, արդեն մեկ ամիս է, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը