19 04 2018

Ոստիկանության հայտարարությունը՝ Փաշինյանի, Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց մասին

Ոստիկանության հայտարարությունը՝ Փաշինյանի, Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթեւեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը:

Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:

Նշված, ինչպես նաևւ հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը»:

 

Ոստիկանության այս հայտարարությանն արձագանքել են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.

««Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը: Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ: Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ