21 03 2018

ԱԱԾ-ն կանխել է Իրանից թմրամիջոցի խոշոր մաքսանենգության փորձ

ԱԱԾ-ն կանխել է Իրանից թմրամիջոցի խոշոր մաքսանենգության փորձ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ:

Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն  բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։

Ընթանում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ