Ես հետեւելով դատարանի հորդորին, որեւէ անուն այս պահին չեմ տա, որեւէ կոնկրետ օր, ամսաթիվ չեմ նշի, բայց այնուամենայնիվ, դրան նախորդող ու հաջորդող մամուլի հրապարակումներից կներկայացնեմ որպես իմ պաշտպանության համար միջոցներ՝ հիմնավորելով, որ եղել են քաղաքական նպատակներ: Այս մասին դատարանում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
«Վերջում ուղղակի սպառնալիք կա՝ եթե չհամաձայնվի (հրաժարական տալ-խմբ), թող հանկարծ հետո չփոշմանի, որ քրեական գործեր կհայտնվեն իր վրա: Սա ասում է վարչապեռտի մամուլի քարտուղարը, որը ավանդույթի, սովորության համաձայն, ինքը խոսնակն է վարչապետի, ինքն իր փոխարեն չի խոսում, այլ խոսում է վարչապետի անունից»,- ասաց նա՝ հավելելով, որ իրադարձությունների ողջ շղթան խոսում է հենց քաղաքական նպատակներ հետապնդելու մասին:
Հրայր Թովմասյանը նկատեց, որ քաղաքական հետապնդման մասին են վկայում նաև իշխանության ներկայացուցիչ գործիչների կողմից քրգործի դետալների մասին խոսելը, երբ դեռ ինքն էլ մանրամասներ չգիտեր առաջադրված մեղադրանքի մասին, մամուլից է իմացել, որ ինքը հրավիրվելու է քննչական ծառայություն, մինչդեռ այս գործի քննությունը պետք է լիներ գաղտնի՝ չվարկաբեկելու Սահմանդրական դատարանի հեղինակությունը։
«Ինձ հրավիրել են քննչական, միտումնավոր սպասեցրել են ընդհանուր սպասասրահում, որպեսզի բոլորը կարոանան ինձ այնտեղ տեսնել։ Ես կրկնում եմ, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած անձ, այստեղ կանգնած»,-նշեց նա։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդհատեց Թովմասյանի խոսքը, ասաց՝ պետք չէ հանգամանքները կրկնել, սպառնաց նկատողություն կիրառել, անգամ սահմանափակել ամբաստանյալի ճառը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը