14 08 2024

Աբսուրդ օրենսդրական առաջարկ. ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել. Վահրամ Միրաքյան

Աբսուրդ օրենսդրական առաջարկ. ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել. Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։

«Նորից չափազանցություն չի, իրական փաստ է: Երեկ պատմեցի քրեականի 290 հոդվածի մասին, որով 10 միլիոն դրամ և ավել խախտումի դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել: Բայց կա մի առանձնահատկություն, եթե գործարարը վճարում է կանխատեսվող խախտումի չափի գումարը, ապա քրեական հոդվածը չեղարկվում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ-ի կանխատեսված խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ-ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում: 

Հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո: Այսինքն հարկային տեսուչները, եթե ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա, ո՞նց կարա բիզնես լինի, երբ հիմնադիրին 3 տարի բանտում եմ պահում: Սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար էլ օրենքը որևէ պատիժ չի նախատեսում: 

Կարճ ասած, եթե նախկինում կանխատեսվող խախտումի չափի վճարից հետո գործարարի կալանքը դադարեցվում էր, ապա հիմա չի դադարեցվելու ու գործարարին շարունակելու են բանտում պահել: 

Անցյալ տարի 290 հոդվածն օգտագործել են մոտ 1000 գործարարի դեմ, հետևաբար, եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակեն կալանավորած պահել գործարարին, նշանակում է, որ ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել: 

Վստահ եմ, որ չկա մի էդպիսի միջին կամ խոշոր բիզնես, որը 5 տարիների ընթացքում 10 միլիոն դրամի խախտում չունենա, հնարավոր չէ այդքան ստիրիլ աշխատել: Հետևաբար, եթե տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնեն, մոտ 5 տարուց ՊԵԿ-ը բոլոր միջին ու խոշոր գործարաներին կբանտարկի ու վերջ, կավարտվի Հայաստանի տնտեսությունը, կավարտվի Հայաստանի Հանրապետությունը: Բայց դրա փոխարեն ՊԵԿը ստիրիլ աշխատանք արած կլինի: Հրաշալի է չէ՞:

Հիմա պատկրացրեցի՞ք, թե ինչքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է ներկայացրել ՊԵԿ-ը: Ես դեռ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդու ուղեղում նման գաղափար առաջանա: Էս օրենսդրական առաջարկը ՊԵԿ-ի ադեկվատության/անադեկվատւթյան լավագույն ցուցիչն է: Այսպես լինում է, երբ չինովնիկն իր կաբինետից դուրս չի գալիս, ոլորտի հետ չի շփվում:

Էնքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է, որ նույնիսկ չեմ ուզում օրինակներ բերել, թե ինչպես էլ ոչ ոք չի ուզի ներդրում անել Հայաստանում, թե ինչպես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն բոլորը կսկսեն լուրջ պայքարել պետության դեմ ու բացի դրանից կոռուպցիան կշատանա, երբ մարդ իմանա բանտ է գնալու, հարկային տեսուչին առաջարկվող գումարն էլ կմեծանա ու բացի դրանից տեսուչին հավելյալ «շանտաժի» գործիք են տալիս «խելոք մնա թե չէ կնստես» և այլն և այլն: 

Ասեմ ավելին՝ 290 հոդվածը պետք է չեղարկվի ու 10 միլիոնի փոխարեն քրեականացվի շրջանառությունից որոշակի տոկոսի խախտման դեպքում: Աբսուրդ է 50 միլիարդի ու 50 միլիոնի շրջանառություն ունեցող բիզնեսներին նույն 10 միլիոնի խախտումի համար հավասար պատժելը: Կամ 10 միլիոնի ու 100 միլիոնի խախտման համար: 

Իսկ ինչու՞ ՊԵԿ-ը չի բերում նաև օրինագիծ որով կքրեականացվի հարկային տեսուչի ապօրինի գործողությունները կամ հիմա «հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ»-ի հիման վրա քրեական գործ են հարուցում, թող նաև լինի հոդված, որ եթե նախնական հաշվարկով գրվածը չապացուցվեց ապա հաշվարկը կազմած տեսուչը 4-ից 8 տարի բանտ է նստելու: Այդ դեպքում տեսուչները կմտածեն մինչև մի բան գրելը կամ ղեկավարի ցուցում անելը ու դրա տակ ստորագրելը: Թե՞ ՊԵԿ-ի խնդիրն արդարությունը չէ, ՊԵԿ-ի խնդիրը երկրում բիզնեսի ոչնչացնելն է: 

ՊԵԿ-ի խնդրի մասին էլ վաղը կգրեմ: 

ՀԳ. ՊԵԿ-ի «սուսիկ փուսիկ» կազմած (ոնց որ ամեն ինչը) հակապետական օրենսդրական առաջարկն առաջին մեկնաբանությունում եմ դնում, խնդրում եմ մտեք ու դեմ քվեարկեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ